Դիվանագետների կանայք հաճախ հայտնվում են իրենց ամուսինների ստվերում, Sputnik Արմենիան որոշել է կոտրել այդ կարծրատիպը: Նախկինում մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի կնոջ հետ հարցազրույց, այս անգամ զրուցում ենք Չինաստանի դեսպանի կնոջ` գործող դիվանագետ Չժան Ինմեյի հետ: Զրուցել է Դավիթ Գալստյանը:
- Տիկին Չժան Ինմեյ, Ձեր կարծիքով` ինչո՞վ է տարբերում դիվանագետի կինը մյուս կանանցից:
— Կարծում եմ, որ բոլոր կանայք նույն կերպ են երջանիկ, բայց դիվանագետի կնոջ և մյուս կանանց միջև, իհարկե, տարբերություններ կան: Դիվանագետի կինն, ինչպես իր ամուսինը, իր երկրի դեմքն է: Եվ մարդիկ տվյալ երկրի հետ ծանոթանում են մշակույթի և պատմության մասին մեր գիտելիքների միջոցով ևս:
Դրան վերաբերում է նաև պահվածքը, խոսքը և հագնվելու ձևը: Դիվանագետի կինը պարտավոր է իր ամուսնու հետ մասնակցել տարբեր արարողակարգային միջոցառումների, շփվել պաշտոնյաների կանանց հետ, աջակցել երկու երկրների միջև փոխըմբռնման և բարեկամության խորացմանը:
- Դա դժվա՞ր է: Դուք երկա՞ր եք հարմարվել այդ դերին:
— Իմ կարծիքով` դա նորմալ է: Ես այդ ամենին կարճ ժամանակում են վարժվել, որովհետև երկար ժամանակ աշխատել եմ արտասահմանում դիվանագիտական ծառայությունում, ուստի ինձ համար նման կյանքը սովորական է:
- Ի՞նչ պետք է կարողանա անել չինացի դիվանագետի կինը: Դուք զոհաբերե՞լ եք Ձեր կարիերան հանուն ամուսնու:
— Ինչպես հայտնի է, Չինաստանը հինգ հազար տարվա պատմություն ունեցող երկիր է: Արագ զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման արդյունքում Չինաստանը դարձել է աշխարհի կարևոր գերտերություններից մեկը: Լինելով դիվանագետի կին՝ անհրաժեշտ է կամուրջ դառնալ Չինաստանի և այլ երկրների միջև մարդասիրական կապերի ոլորտում: Դիվանագետի կինը պետք է կարողանա շփվել, լավ հարաբերություններ հաստատել տվյալ երկրի համապատասխան անձանց հետ: Նա պետք է իմանա արարողակարգը, վարվելակարգը: Չինացի կինը մարմնավորում է արևելյան կնոջ կերպարը:
Բացի այդ, չինուհին պետք է իմանա այն երկրի պատմությունը, որտեղ գտնվում է, հարգի նրա ավանդույթները և սովորույթները:
Ինչ վերաբերում է կարիերային, ապա որոշ առումով ստիպված ես լինում ինչ-որ զոհողության գնալ: Դուք գիտեք, որ Չինաստանը հսկայական բնակչություն ունի՝ ավելի քան 1,3 մլրդ մարդ: Աշխատատեղերի համար մեծ մրցակցություն կա, և այնքան էլ հեշտ չէ պատշաճ աշխատանք գտնել: Եթե ամուսինն իր կնոջ հետ գտնվում է արտասահմանում, մեծամասամբ կինը ստիպված է լինում թողնել իր աշխատանքը և լավ պաշտոնը:
Ես կարծում եմ, որ եթե դիվանագետի կինը նման մասնագիտություն է ընտրել, ապա նա դրան պատրաստ է: Չինական ասացվածք կա, որը մոտավորապես սա է նշանակում. «Եթե կա ձեռքբերում, ապա կա նաև կորուստ»:
- Եղե՞լ են դեպքեր, երբ Դուք օգնել եք Ձեր ամուսնուն դիվանագիտորեն լուծել ինչ-որ հարց:
— Ես ինքս դիվանագետ եմ, աշխատում եմ դեսպանատանը և զբաղվում հայ-չինական երկկողմ հարաբերությունների հարցերով, հատկապես մարդասիրական համագործակցության ոլորտում: Ես իմ առջև խնդիր եմ դրել` լավ կատարել աշխատանքս և չխանգարել ամուսնուս: Իհարկե, որպես դեսպանատան աշխատակից` ես կարող եմ հայտնել իմ տեսակետը և առաջարկներ ներկայացնել: Թեև, անշուշտ, վերջնական որոշումն ընդունում է ամուսինս:
- Նա հաճա՞խ է Ձեզ լսում:
— (Ծիծաղում է) Դե, երբեմն: Կարծում եմ` երբ ամուսինս ընդունում է իմ ռացիոնալ առաջարկները, դա նշանակում է, որ օգնել եմ նրան ինչ-որ հարցեր լուծել:
- Դուք ինքներդ գործող դիվանագետ եք, ազատ ժամանակ ունենու՞մ եք և ինչի՞ վրա եք այն ծախսում:
— Վերջին շրջանում մեր երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման արդյունքում դեսպանատանն աշխատանքն ավելացել է, իսկ աշխատակիցներն այդքան շատ չեն: Բայց ամեն դեպքում ես գտնում եմ ազատ ժամանակ: Օրինակ` հանգստյան օրերին կամ տոներին այցելում ենք տեսարժան վայրեր և Երևանի թանգարաններ, գնում համերգների, զբոսնում այգիներում: Վերջերս նույնիսկ բոուլինգ ենք խաղացել: Այնպես որ ազատ ժամանակ մեր կյանքը բավական հետաքրքիր է ու բազմազան:
Շատ եմ սիրում երաժշտություն, հատկապես դասական: Տանը շատ ձայնասկավառակներ ունեմ: Սիրում եմ համաշխարհային դասական երաժշտություն, բայց ինձ դուր են գալիս նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Չինաստանում շատ հայտնի է Արամ Խաչատրյանը և նրա «Սուսերով պարը»:
- Ձեզ համար ի՞նչ են նշանակում տեղափոխությունները. դա առավելապես աշխարհը տեսնելու հնարավորությո՞ւն է, թե՞ տհաճ անհրաժեշտություն:
— Ընդհանրապես ես նախընտրում եմ հանգիստ կենսակերպը, բայց կարծում եմ, որ մշտական տեղափոխությունները մեզ ավելի շատ հնարավորություն են տալիս լինել տարբեր վայրերում, աշխարհ տեսնել, իմանալ տարբեր երկրների ավանդույթների և սովորույթների մասին: Ես եղել եմ շուրջ 30 երկրում որպես դիվանագետ կամ զբոսաշրջիկ: Դա ավելացրել է իմ գիտելիքների պաշարը, աշխարհայացքը և մեծ ուրախություն է պատճառել ինձ:
- Ո՞րն է եղել Ձեր կյանքի գլխավոր հիասթափությունը, և ի՞նչն եք համարում Ձեր գլխավոր ձեռքբերումը:
— Բոլոր կանանց համար ամենագլխավորն ընտանիքն է: Եվ ես բացառություն չեմ: Եթե խոսենք դիվանագետի կյանքի հիասթափության մասին, ապա շատ ցավալի էր, որ դիվանագիտական ծառայության պատճառով մեկ տարի չէի կարողանում լինել փոքրիկ տղայիս հետ: Ստիպված էի առանձին ապրել, և որպես մայր` դա ինձ ցավ էր պատճառում: Հիմա նա արդեն ուսանող է, բայց ես հիշում եմ, թե ինչպես էր, երբ նա փոքր էր:
-Եթե հնարավոր լիներ, ինչ-որ բան կփոխեի՞ք Ձեր կյանքում:
— Ես ընդհանուր առմամբ գոհ եմ իմ կյանքից (ժպտում է): Ես ոչ մի բան չէի փոխի: Բայց եթե ես հնարավորություն ունենայի կրկին մի կյանք ապրել, ապա ավելի շատ ժամանակ կհատկացնեի որդուս ու ծնողներիս: Այնպես է ստացվել, որ ես շատ ժամանակ եմ անցկացրել գործուղումներում:
_ Դուք նշեցիք Ձեր որդու մասին: Դիվանագիտական ծառայությունը սահմանափակումներ մտցրե՞լ է նրա կյանքում:
— Հիմա սահմանափակումներ չկան: Ընդհակառակը, մեր դիվանագիտական ծառայության շնորհիվ տղաս եղել է շատ երկրներում, ինչը նրան շատ գիտելիքներ է տվել, նա հետաքրքրվում է միջազգային հարաբերությունների հարցերով: Նա շատ ինքնուրույն է իր կյանքում: Ինժեների կրթություն է ստանում:
Սահմանափակումները վերաբերել են միայն սպորտին, որը նա շատ է սիրում: Գործուղումների պատճառով անհնար էր մշտապես այցելել պատանեկան ակումբներ: Նա երբեմն կատակով ասում է, որ մեր պատճառով չի դարձել լողի կամ բասկետբոլի աստղ (ծիծաղում է): Նա բարձրահասակ է և զբաղվել է հենց այդ մարզաձևերով:
- Ամենից շատ ի՞նչն է Ձեզ դուր գալիս Հայաստանում:
— Ես Հայաստան եմ եկել մեկ տարի առաջ, և կարելի ասել, որ սիրել եմ այս երկիրը: Սիրում ես այստեղի կլիման, տարվա եղանակների վառ արտահայտված գծերը, արևի առատությունը, ինչը նույնպես ինձ դուր է գալիս: Սիրում եմ տեսարժան վայրերը, ազգային երգերն ու պարերը, բայց ամենից շատ` հայկական հյուրընկալությունը: Մարդիկ այստեղ շատ բարեհամբույր են, ջերմ, և մենք միշտ զգում ենք չինացիների նկատմամբ բարյացակամ վերաբերմունք: Դա շատ հաճելի է ինձ և ամուսնուս: Մեզ համար շատ հաճելի է հայերի հետ շփվելը:
- Երկու երկրները նման գծեր ունե՞ն։
— Չինաստանը և Հայաստանը շատ նման գծեր ունեն: Օրինակ` երկու երկրները հին պատմություն և մշակութային ավանդույթներ ունեն: Իմ կարծիքով՝ երկու ժողովուրդները հայտնի են բարյացակամությամբ ու կենսուրախությամբ: Իհարկե, Չինաստանը և Հայաստանը պահպանում են իրենց ավանդույթները և ընտանեկան արժեքները:
- Այստեղ կա՞ն ավանդույթներ, որ Ձեզ դուր են գալիս, հավանու՞մ եք հայկական խոհանոցը:
— Մեկ տարվա ընթացքում ես սիրահարվեցի հայկական խոհանոցին: Մենք ռեստորանում հանդիպում ենք հայ ընկերների հետ, երբեմն լինում նրանց տանը; Սիրում եմ ձեր խոհանոցը, հատկապես ձկան խորովածը, խաղողի տերևով տոլման: Հանդիպումների ժամանակ մեր ընկերները միշտ գեղեցիկ բաժակաճառեր են ասում: Մենք նույնպես սիրում ենք խնջույքներ, բայց մեր բաժակաճառերը շատ կարճ են՝ «առողջ լինենք», «հանդիպման համար»: Ես և ամուսինս սիրել ենք այդ ավանդույթը, հիմա մենք սովորում ենք երկար ու գեղեցիկ կենացներ ասել թամադայի նման (ծիծաղում է): Դա շատ հետաքրքիր է: