ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Իշխանությունն ու ընդդիմությունը հասկացան, որ Սիրիայում խաղաղության հասնելու միակ ճանապարհը համագործակցությունն է, Sputnik Արմենիա պորտալին ասաց ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի մշտական անդամ Թևան Պողոսյանը։
«Եթե երկու կողմն էլ սիրում է իր երկիրը, ապա նրանք կգան համաձայնության, կստեղծեն ժամանակավոր, անցումային կառավարություն կամ ուրիշ որևէ համաձայնության կգան, օրինակ, նոր ընտրություններ կանցկացնեն», — ասաց Պողոսյանը։
Նրա կարծիքով` այդ դեպքում հնարավոր կլինի խոսել իրական պայմանավորվածությունների մասին։ Եթե նրանք ժամանակ շահելու խնդիր ունեն, ապա զինադադարը խախտելու ու պատերազմ վերսկսելու մեխանիզմներ անպայման կգտնեն։
Պողոսյանը կարծում է, որ զինադադարը հաջողությամբ կպսակվի, եթե հետագայում կողմերը համատեղ ուժերով կարողանան ոչնչացնել իսլամական ահաբեկիչներին։
«Զինադադարի` ուժի մեջ մտնելուց հետո կողմերը պետք է փոխանակեն քարտեզներն ու համատեղ պայքարեն ահաբեկիչների դեմ», — ասաց Պողոսյանը։
Թևան Պողոսյանը վստահ է` երկրում ահաբեկչությունն արմատախիլ անելու դեպքում միայն հնարավոր կլինի խոսել իրենց երկրներ վերադարձող փախստականների, այդ թվում սիրիահայերի մասին։ Պաշտոնական տվյալների համաձայն` վերջին տարիներին Հայաստան է եկել շուրջ 20 հազար սիրիահայ, ովքեր պարբերաբար Սիրիա են մեկնում ու կրկին վերադառնում, իսկ 16 հազար մարդ արդեն մշտական բնակություն է հաստատել պատմական հայրենիքում։