ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի զինծառայողներն ու պաշտոնատար անձինք հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի տարիներին մարտի դաշտում ընկած զինվորների հիշատակին։
Ինչպես նշեց Վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը, հայկական բանակը ստեղծվել է Խորհրդային բանակի հիմքի վրա ու հետնորդի դեր է ստանձնել։
«Այսօր մեզ համար շատ հուզիչ ու նշանակալի օր է։ Նախկինում այս օրը կոչվում էր Խորհրդային բանակի ու ռազմածովային նավատորմի օր, այսօր մենք տոնում ենք Հայրենիքի պաշտպանի օրը։ Մենք բոլորս հայրենիքի պաշտպաններ ենք։ Եվ մեր միակ ցանկությունն այն է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի և զինվորներն էլ առողջ լինեն։ Նրանց բարի ծառայություն ու բարի վերադարձ եմ մաղթում», — լրագրողներին ասաց Վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը։

Նա շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր եկել են անհայտ հերոսի գերեզմանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու, ու նրանց, ովքեր այսօր վառ են պահում զոհված զինվորների հիշատակը։
«Հայաստանն ու Ռուսաստանը սերտորեն կապված են միմյանց, և մեր հարաբերությունները բարձր մակարդակում են գտնվում։ Իսկ փետրվարի 23-ին մենք Ռուսաստանի հետ տոնում ենք Հայրենիքի պաշտպանի օրը», — ավելացրեց նա։
Պատերազմի վետերանների ու զինված ուժերի կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանն իր հերթին նշեց, որ վետերաններն այս օրը եկան անմար կրակի մոտ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Ռուսաստանի զինված ուժերին ու խորհրդային բանակին։

«Տարիներ են անցել, սակայն նշանակություն չունի։ Մենք այսօր այստեղ հիշում ենք պատերազմի տարիների դժվար օրերը։ Այսօր մենք եկել ենք այստեղ մեծ սիրով ու հարգանքով, որպեսզի հիշենք անցյալն ու դիմակայենք այն դժվարություններին, որոնց գուցե մենք բախվելու ենք ապագայում», — ասաց նա։
Պետրոսյանը նաև նշեց, որ վետերաններն այսօր հարգանքի տուրք են մատուցում ռուս ժողովրդի եղբայրական բանակին։
Նրա խոսքով` հայերը չեն կարող չնշել փետրվարի 23-ը, քանի որ հազարամյակներ շարունակ մարտնչել ու հաղթել են միասին։

