ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի- Sputnik. Ուկրաինացի հայտնի երգչուհի Ջամալան Ուկրաինան կներկայացնի Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում։ Ազգային ընտրության արդյունքում հանդիսատեսը հենց նրան է ընտրել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Ազգային ընտրության ժյուրիի անդամները` պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն, Ռուսլանան (2004թ.-ին Եվրատեսիլի հաղթողը) և Անդրեյ Դանիլկոն (Եվրատեսիլ 2007-ում երկրորդ տեղը), ավելի շատ միավորներ են տվել The Hardkiss խմբին։ Սակայն հանդիսատեսն ընտրել է Ջամալային։
Ջամալայի իսկական անունը Սուսաննա Ջամալադինովա է։ Նա ծնվել է ղրիմցի թաթարի և հայուհու ընտանիքում։ Ջամալան ճանաչում է ձեռք բերել «Նոր ալիք 2009» մրցույթից հետո։
32-ամյա երգչուհին ազգային ընտրության համար գրել է «1944» երգը, որի համար նրան ոգեշնչել է նախատատի պատմությունը։ Նրա ընտանիքն այդ տարեթվի հետ կապված ծանր հիշողություններ ունի։ Խոսքը ղրիմ-թաթարական ժողովրդի բռնի արտաքսման մասին է։