ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումն է կատարել Եվրոպայում, գրում է Squawka-ն՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ կիսապաշտպանը խորհրդանշում էր Յուրգեն Կլոպի գլխավորած «Բորուսիայի» բոլոր անհաջողությունները:
Հենրիխը «Բորուսիա» է տեղափոխվել 2013 թվականին՝ 27.5 միլիոն եվրոյով: Նրա չափազանց աշխատասիրությունը ու հիանալի տեխնիկան օգնում էին այս ընթացքում, սակայն ինչ-որ բան անընդհատ պակասում էր: Նա ամեն ինչ ճիշտ էր անում մինչև եզրափակիչ հարվածը կամ փոխանցումը:
2014-2015 մրցաշրջանը նրա համար բարդ էր՝ հաշվի առնելով դորտմունդցիների անհաջողությունները: Սինձի Կագավայի վերադարձից հետո Հենրիխը տեղափոխվեց եզր, սակայն արդյունավետությունը չավելացավ: Ֆուտբոլիստին ճնշում էին իր անհաջողությունները, թեև նա «Բորուսիայի» լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր հանդիսանում:
Երբ նա փետրվարին կարողացավ գրավել «Շալկեի»՝ «Բորուսիայի» ամենասկզբունքային մրցակցի դարպասը, քիչ էր մնում՝ արտասվեր: Դա օգոստոսից ի վեր ֆուտբոլիստի առաջին գոլն էր, որից հետո նա աստիճանաբար բարելավեց իր մարզավիճակը:
«Այսօր, խաղալով Թոմաս Տուխելի գլխավորությամբ, Հենրիխ Մխիթարյանը ցուցադրում է իր հնարավորությունները: Նա ստեղծված էր այսպիսի ֆուտբոլ խաղալու համար»,- գրում է Squawka-ն:
Տուխելը հույս կապեց հայ ֆուտբոլիստի հետ և չհիասթափվեց: Հնարավոր է՝ նոր մարզչի վստահությունը կամ հենց խաղային սխեման փոխեցին Հենրիխին: Եվրոպա լիգայի որակավորման փուլի չորս խաղում նա 5 գոլի հեղինակ դարձավ ու չորս արդյունավետ փոխանցում կատարեց:
Տուխելի գլխավորությամբ «Բորուսիայի» խաղն ավելի հանգիստ է և հաշվենկատ, քան նախորդ տարիներին. Մխիթարյանը հանդիսանում է անխնա հարձակողական մեքենայի վճռորոշ օղակը: