ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Երկու ավտոմեքենայի մասնակցությամբ ոչ լուրջ ՃՏՊ-ների ժամանակ կողմերը կկարողանան ԱՊՊԱ-ի փաստաթուղթը լրացնել 10-15 րոպեում:
«Կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն՝ եթե ավտոպատահարների հետևանքով մեքենային հասցված ընդհանուր վնասի չափը չի գերազանցում 50 հազար դրամը, մասնակից վարորդները կարող են չսպասել ապահովագրական ընկերությունների մասնագետներին և հեռանալ պատահարի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագրի ձևը և լուսանկարելով պատահարի մանրամասները», — ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի սկզբին (հավանաբար մարտի 4-ից):
Որպեսզի հարցն արագ լուծվի, վարորդները պետք է լրացնեն փաստաթուղթը (փաստաթուղթը կարելի է վերբեռնել ու տպել ապահովագրական ընկերությունների կայքէջերից կամ ստանալ ցանկացած ապահովագրական բաժանմունքում):
Ինչպես նշեց Չիլինգարյանը, ոլորտի մեկ այլ նորամուծություններից կլինի այն, որ վարորդները պետք է պարտադիր կերպով նշեն իրենց էլեկտրոնային հասցեն: Ապահովագրական բոլոր փաստաթղթերն ուղարկվելու են էլեկտրոնային հասցեին, ինչը զգալի կարագացնի գործընթացը:
«Աքիլլես» ՀԿ-ի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը համաձայնեցված փաստաթղթերի կիրառումը կարևոր քայլ է համարում խցանումներից խուսափելու հարցում:
«Սա կարևոր քայլ է մայրաքաղաքում խցանումների նվազեցման համար: 50 հազար դրամը չգերազանցող ՃՏՊ-ների թիվն այսօր 20-25 տոկոս է կազմում», — ասաց Հովհաննիսյանը:
Փաստաթուղթը լրացնելուց հետո ՃՏՊ-ի առաջացման մեղավորը զանգահարում է ապահովագրական ընկերություն ու հայտնում կատարվածի մասին: Իսկ տուժած մեքենայի վարորդը կարող է լրացված փաստաթուղթը դեպքի վայրում արված լուսանկարով (ՃՏՊ-ի օրվանից սկսած 5 օրվա ընթացքում) հանձնել ապահովագրական ընկերություն ու ստանալ փոխհատուցումը:
Ինչպես նշեց Հովհաննիսյանը, եթե վարորդը կարծում է, որ կարող են ոչ ակնառու վնասվածքներ լինել, այդ դեպքում նա կարող է կանչել ապահովագրական ընկերության ներկայացուցչին: Չի բացառվում, որ մոտ ապագայում փոխհատուցման չափը հասնի 100-200 հազար դրամի:
«Երևի կեղծ վթարներ էլ կլինեն, բայց չեմ կարծում, որ մինչև 50 հազար դրամի չափով արհեստական վթար սարքելն այդքան էժան կնստի սարքողների վրա: Փորձագետների կողմից շատ հեշտ պարզվում է, թե արդյոք պատահարը եղել է ընթացքի ժամանակ կամ ուրիշ տեղ խփել են ու բերել կանգնեցրել են ուրիշ տեղ» ասաց Հովհաննիսյանը:
Ապահովագրական ընկերություններն այս և այլ ռիսկերը վերցնում են իրենց վրա. Օրինակ` վարորդի ոչ սթափ լինելու դեպքում, բնականաբար, չեն փոխհատուցի: Իսկ եթե վարորդները չեն ընդունում իրենց մեղքը, գործելու է հին կարգը, և ժամանելու են ապահովագրական ընկերության աշխատակիցները: