ԵՐԵՎԱՆ, 20 փետվարի — Sputnik. Շախմատի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել երկու տասնյակ փաստաբան, նրանք իրենց շախմատային գիտելիքները փորձել են միմյանց դեմ խաղում, հայտնում է Փաստաբանների պալատի լրատվական ծառայությունը
Փաստաբանները մրցել են 7 րոպե + 2 վայրկյան ձևաչափով (երկու անհնարին քայլի դեպքում համարվում է պարտություն):
Այս առաջնությունը տարբերվել է նրանով, որ փաստաբան շախմատիստների հետ համաժամանակյա խաղ է անցկացրել գրոսմայստեր, օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Լևոնի Պետրոսյանը:
Համաժամանակյա խաղի ընթացքում 15 փաստաբաններից 13-ը պարտվել են, իսկ երկուսը (փաստաբաններ Արթուր Ալիխանյանը և Սուրեն Պետրոսյանը)՝ գրանցել են ոչ- ոքի արդյունք: Առաջնությունը վարել է միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:
Մրցանակային երրորդ տեղն է գրավել Արթուր Դավթյանը: Երկրորդ տեղում էր՝ Աշոտ Շահմուրադյանը: Պատվավոր առաջին տեղը գրավել է փաստաբան Արմեն Վարդանյանը: Մրցանակակիրները ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից ստացել են մեդալներ և պատվոգրեր:
Առաջնությունը կազմակերպել է ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբը՝ ի դեմս ակումբի համակարգող փաստաբան Վրեժ Խաչիկյանի: