Լաուրա Սարգսյան, Sputnik.
Թբիլիսիում կայացավ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջենելիձեի, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հինգերորդ եռակողմ հանդիպումը, որի արդյունքում նրանք համատեղ հայտարարություն կնքեցին:
Փաստաթղթում նշվում է, որ երկրները համագործակցելու են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, բանկային պաշտպանության, մարդասիրական և այլ ոլորտներում: Սա Թբիլիսիում անցկացված երկրորդ հանդիպումն էր:
Հանդիպման շրջանակում Մամեդյարովն ու Չավուշօղլուն քննարկեցին Լոնդոնի և Պեկինի միջև ընկած երկրներն իրար միացնող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածին վերաբերող հարցերը: Միայն վրացական հատվածի համար ավելի քան 700 մլն լարի (շուրջ 200 մլն դոլար) է ծախսվել:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև համատեղ տարածաշրջանային նախագծերը՝ կարևորելով էներգետիկ ոլորտը:
«Մեր երկրները լուրջ դերակատարություն ունեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Հաշվի առնելով եռակողմ տարանցիկ ներուժը՝ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում համագործակցության շարունակմանն ու Եվրոպան Ասիայի հետ կապող միջանցքի գործունեությանը», — հանդիպման ժամանակ ասաց Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն:
Հատուկ ուշադրության արժանացավ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հարցը, ինչպես նաև խոսվեց առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին: Կողմերը շեշտը դրեցին այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը Եվրոպան ու Ասիան իրար կապող երկրներ են:
«Մինչև տարեվերջ կգործարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, սակայն համագործակցությունը սրանով չի ավարտվի: Մենք համագործակցում ենք նաև այլ գերատեսչությունների հետ», — նշեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ու ավելացրեց, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականությունը և երկու երկրներին մաղթում է հակամարտությունները կարգավորել խաղաղ ճանապարհով:
Հարկ է նշել Բաքվի, Թբիլիսիի ու Անկարայի ռազմական ոլորտի համագործակցությունը: Երեք երկրի պաշտպանական գերատեսչությունների նախարարների վերջին հանդիպումը կայացել է Ստամբուլում դեկտեմբերի 17-ին, այսպես կոչված, եռակողմ նախարարական հանդիպման շրջանակում: Հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարները պայմանավորվել են համատեղ զորավարժություններ ու ռազմական ծրագրեր իրականացնել: Կողմերը նաև քննարկել են ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ ուսումնական կենտրոնի շրջանակում համագործակցության հարցերը: Ուսումնական կենտրոնը բացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը 2015 թվականի օգոստոսին Վրաստան կատարած այցի ժամանակ:
Նախօրեին Թբիլիսիում Ադրբեջանի արտգործնախարարն անդրադարձել է անվտանգության ոլորտի համագործակցության խորացման անհրաժեշտության հարցին: Ինչպես հաղորդում են մի շարք վրացական ԶԼՄ-ներ, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը՝ Չավուշօղլուն կրկին մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն իբր ոչ մի քայլ չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար ու նշել է, որ այդ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակում:
ԱԳՆ երեք ղեկավարների ձևաչափն ուժի մեջ է մտել 2012 թվականի հունիսի 8-ին ընդունված տրապիզոնյան հռչակագրից հետո: 2014 թվականի դեկտեմբերի 10-ին Կարսում տեղի է ունեցել չորրորդ հանդիպումը, որի արդյունքում Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները երեք երկրի միջև համագործակցության մասին համատեղ հայտարարություն ստորագրեցին: Այդպիսով կողմերը հաստատեցին ռազմավարական համագործակցության ուժեղացման պատրաստակամությունն ու բարիդրացիական, փոխադարձ հարգանքի ու վստահության սկզբունքի պահպանումը: