Ամալյա Պապյան, Sputnik.
Պահեցողության հիմքում ընկած է զրկանքն ու զսպվածությունը. զսպվածություն, առաջին հերթին, մտքերում և արարքներում: Գիտակցված ու անկեղծ զրկանք այն բանից, ինչից ունենք կախվածություն:
«Առաջին հերթին պետք է կարևորենք անկեղծությունն ու վստահությունը: Պահեցողությունը սկսում է հենց ընտրությունից՝ պահե՞լ պահք, թե՞ ոչ: Շատ մարդիկ չեն վստահում սեփական ուժերին և կարծում են, թե չեն կարող պահք պահել, սակայն երբևիցե նույնիսկ չեն փորձել»,- ասաց տեր Եսային:
Մարդը, որը կարողանում է զսպել իր մարմնական ցանկություններն ու վերահսկել սեփական մտքի ընթացքը, աճում է հոգեպես: Պահեցողությունը ինքնահղկում է, կամքի կերտում, ինքնատիրապետման զարգացում:
«Նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը կյանք և խաղաղություն. քանզի մարմնավոր խորհուրդը թշնամություն է առ Աստված, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին. և նա ոչ իսկ կարող է: Նրանք, որ մարմնի իշխանության տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն» (Հռոմ. 8.5-8):
Ցավոք սրտի, այսօր մեզանում «պահք պահելը» հաճախ նորաձև երևալու պես մի բան է դարձել: Տասնյակ մարդիկ այն դիտարկում են որպես դիետայի հաջող շրջան, իսկ պահեցողության մեջ գտնվողների զգալի մասն էլ հրաժարվում է կենդանական ծագում ունեցող սննդից, բայց երբևէ մտքով էլ չեն անցկացնում եկեղեցի այցելել, մասնակցել սրբազան ծեսերին՝ միտքն ու հոգին զբաղեցնելով առօրյա ունայնությամբ:
Պահքին մասնակցել ամենևին չի նշանակում տառապել ու տանջվել: Հայ Առաքելական եկեղեցին ունի պահքի պահպանման հստակ կանոն բոլորի համար: Սակայն կա պահք պահելու ևս մի տեսակ, երբ մարդն ինքը իմանալով իր թույլ կողմերը անձամբ իր համար սահմանում է զրկանքի չափն ու ձևը: Եթե կան այնպիսինները, ում համար կենդանական սննդից հրաժանվելը անհաղթահարելի է թվում, կարող են մասնակցել պահքին միայն վերջին շաբաթվա ընթացքում: Ընդունելի է նաև, երբ մոլի ծխողը դադարում է ծխել գոնե այս շրջանում, սրճամոլը հրաժարվում է սուրճից կամ ոգելից խմիչքի սիրահարը զրկում է իրեն խմիչքից, և այլն, չնայած թվածները բոլորովին էլ կենդանական ծագում չունեն: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք իրենց օրը չեն պատկերացնում առանց շոկոլադի և պահք պահելով շարունակում են ուտել այն, այս անգամ պահքի շրջանի համար նախատեսված հատուկ շոկոլադ: Այսպիսով կորում է զրկանքի խորհուրդը, քանի որ նա չհաղթահարեց իր կախվածությունը և շարունակեց տարվել որկրամոլությամբ:
Մեծ պահքի շրջանում շատերը շարունակում են խնջույքներ կազմակերպել և կենդանական սնունդ առաջարկել նաև այն հյուրերին, որոնք պահքի մեջ են:
Պահեցողության գլխավոր կանոններից է նաև ի ցույց չհանել և բոլորին հայտարարել, որ պահք եք պահում: Այս շրջանում, խնջույքներին մասնակցելով, հաճախ ստեղծվում է անհարմար իրավիճակ և՛ հրավիրողների, և՛ հրավիրվածների համար: Նման իրավիճակում չհայտնվելու լավագույն տարբերակը միջոցառմանը չմասնակցելն է, սակայն երբեմն սա նույպես հնարավոր չէ: Ի՞նչ անել:
«Եթե իրավիճակն իսկապես անելանելի է, ապա ընտրեք Ձեզ համար ամենից պակաս սիրելի ուտելիքը և համտեսեք»,- խորհուրդ տվեց Տեր Եսային:
Չնայած նրան, որ Մեծ Պահքի շրջանում եկեղեցու խորանի վարագույրը փակ է, այնուամենայնիվ ծիսակարգեր կատարվում են:
«Հատկապես հաճախ հարցնում են մկրտության մասին: Մկրտություն նշանակում է հոգևոր ծնունդ, արդյո՞ք երեխան ֆիզիկապես ծնվելիս հարցնում է օր կամ ժամ: Նույնը հոգևոր ծնունդն է: Համաձայն Առաքելական եկեղեցու կարգի՝ մարդը պետք է մկրտվի իր ֆիզիկական ծնունդի 8-րդ օրը, անկախ նրանից, թե դա ինչ օր է: Ինչը չեմ կարող ասել պսակադրության մասին: Սակայն հաճախ մարդիկ գալիս են եկեղեցի, երբ արդեն որոշված է լինում հարսանիքի օրը և ամեն բան պատրաստված է: Նման պարագայում եկեղեցին ընդառաջում է և կատարում պսակադրություն»,- պարզաբանեց Տեի Եսային:
Պսակադրություն նշանակում է ամուսինների համատեղ կյանքի սկիզբ, մինչդեռ Մեծ Պահքի շրջանում ամուսնական պարտականություննեերը ևս համարվում են անցանկալի:
«Ամեն կենցաղային հարց չէ, որ կանոնակարգված է և ունի հստակ «կարելի է» կամ «չի կարելի» պատասխան: Ամուսնական պարտականություններ կատարել կամ ոչ որոշումը թողնված է հավատացյալի ընբռնմանը: Այնուամենայնիվ լավ կլիներ այս հարցում ևս պահք պահողները լինեին ժուժկալ», — ասաց Տեր Եսային:
Աստված մարդուն տվեց ազատություն, ընտրելու ազատություն ու պատվիրեց չդատել դիմացինին, այլ միշտ հայացք ձգել դեպի սեփական անձի ներսը: Պողոս առաքյալն իր թղթերում գրում է. «Թող Պահք պահողը չմեղադրի Պահք չպահողին, և Պահք չպահողն էլ չմեղադրի Պահք պահողին»: