ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. ՆԱՍԱ-ն և Լիմայում տեղակայված Կարտոֆիլի ուսումնասիրման կենտրոնը հայտարարել են, որ Պերուի Ատակամա անապատում կարտոֆիլի վայրի ու տնական մի քանի տեսակներ աճեցնելու փորձ են կատարելու: Փորձն իրականացվելու է այնպիսի պայմաններում, որոնք առավելագույն չափ մոտ կլինեն Մարսի պայմաններին, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Phys.org կայքին:
«Մենք գրեթե 100%-ով համոզված ենք, որ կարտոֆիլի մեր ընտրած տեսակներից շատերը հաջողությամբ կանցնեն թեստերը: Առաջին հստակ արդյունքները կտեսնենք 1-2 տարի հետո, և մինչ հաջորդ մարսագնացի գործարկումը մենք դեռ հինգ տարի ունենք», — հայտնել է Պերույից ՆԱՍԱ-ի աստղակենսաբան Խուան Վալդիվիա-Սիլվան:
Վալդիվիա-Սիլվայի այս փորձը Էնդրի Ուիրի «Մարսեցին» վեպի ու համանուն ֆիլմի սյուժեի որոշ հիմնական տարրերի յուրօրինակ ստուգատես կդառնա:
Ֆիլմի հերոսը՝ տիեզերագնաց Մարկ Ուոթնին, մոլորվում է Մարսում:Երբ գիտակցում է, որ «Արեսի» անձնակազմը իրեն թողել է մոլորակի վրա, իրեն չի կորցնում և դառնում է Մարսի «Ռոբինզոն Կրուզոն», նա ջերմոց է ստեղծում ու սկսում է կարտոֆիլ աճեցնել Մարսի վրա՝ կարտոֆիլի ոռոգման համար ջուրը ստանալով հրթիռային վառելիքից:
ՆԱՍԱ-ն ու Պերուի տիեզերական գործակալության գործընկերները կփորձեն վերարտադրել ու կրկնել Ուոթնիի այդ սխրագործությունը՝ կարտոֆիլի շուրջ 100 տեսակ տնկելով կենսական ոչ բարենպաստ պայմաններում` Ատակամա անապատում: Գիտնականները ջերմոց կկառուցեն, որտեղ թթվածնից զուրկ տիպիկ մարսյան մթնոլորտ կլինի:
Վալդիվիա-Սիլվայի խոսքով` առաջին փորձերը կսկսվեն մեկ ամիս անց: Եթե այս փորձը հաջողությամբ պսակվի, հետզհետե պայմանները կհասցվեն Մարսի պայմաններից գրեթե չտարբերվող միջավայրի:
Անհաջողության դեպքում գիտնականները կփորձեն կարտոֆիլ աճեցնել հատուկ արկղերում, որտեղ բույսի արմատների սնուցումը կիրականացվի աերոպոնիկ եղանակով: