ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի- Sputnik. Զեմֆիրա Ռամազանովան, ով հայտնի է Զեմֆիրա բեմական անունով, հայտարարել է, որ իր ներկա համերգային շրջագայությունը վերջինն է լինելու։
«Սա իմ վերջին շրջագայությունն է։ Ես չէի ցանկանում դա շահարկել, բայց… ես ուրախ եմ, որ դուք ներկա եք իմ այս վերջին շրջագայությանը»,- Նիժնի Նովգորոդում համերգի ժամանակ ասել է երգչուհին։
Զեմֆիրան շրջագայությունը` «Փոքր մարդը», մեկնարկել է փետրվարի 4-ին։ Նա համերգներ է ունենալու Ռուսաստանի և արտերկրի 20 քաղաքում։ Երգչուհին շրջագայությունը կեզրափակի Մոսկվայում ապրիլի 1-ին, այս ամսաթիվն արդեն ավանդական է դարձել նրա մեծ համերգների համար։
Երգչուհու առաջին ալբոմը, որը կոչվում է «Զեմֆիրա», լույս է տեսել 1999թ.-ին, հենց այդ ժամանակ էլ կազմակերպվել է նրա առաջին շրջագայությունը։
Երգչուհու հայ երկրպագուները թերահավատորեն են վերաբերվել Զեմֆիրայի հայտարարությանը։
«Ինձ թվում է, որ դա գովազդային քայլ է, չէ՞ որ նա հայտարարություն է արել համերգի ժամանակ։ Ցավոք սրտի, շատ կատարողներ նման հայտարարություններ արել են տոմսերի վաճառքի քանակն ավելացնելու նպատակով։ Տխուր է, որ երգչուհին նման քայլ է անում, սակայն իմ սերը նրա երաժշտության նկատմամբ դրանից չի թուլանում»,- Sputnik Արմենիային ասաց Զեմֆիրայի երկրպագուներից մեկը` Արփին։