ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. Sputnik. Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված երկաթի դարաշրջանի բնակարանը հրկիզվել էր բնակավայրի գրոհի ժամանակ: Այրվող տանիքը փլվել էր՝ իր տակ թողնելով ամբողջ սենյակը: Պեղումների ընթացքում ի հայտ են եկել հսկա 5 կարասի բեկորներ, որոնք նույնությամբ մնացել էին իրենց տեղում: Հետաքրքրական է, որ բոլոր կարասների տակ դրված են եղել տուֆից պատրաստված սկավառակաձև պատվանդաններ: Ըստ ամենայնի, դա որոշակի ծիսական արարողությունների իրականացման սենյակ է եղել, քանի որ նրա արևմտյան պատի տակ բացվել է տուֆից պատրաստված օջախ՝ մոխրի մնացորդներով: Առջևում էլ հարավից հյուսիս դասավորված են եղել կարասները:
«Սկզբում հավաքվել է կարասի հատակը, և միայն աշխատանքի ընթացքում է պարզվել, որ բազմաթիվ պակաս բեկորներ կան»,-պատմում է երիտասարդ վերականգնող Տիգրան Զաքյանը:
Նա առաջին տարին հավաքված կարասը դեռ ամբողջական չի համարում, ու պակաս բեկորները այլ նյութով չեն փորձում փոխարինել, մինչև հաջորդ պեղումները, քանի որ չի բացառվում, որ հետագայում նույն բնակավայրի պեղումներից հայտնաբերվեն պակաս կտորները: Միայն այս տարվա պեղումներից հետո է Տիգրան Զաքյանը որոշել ամբողջացնել 2013 թվականին գտնված կարասի բեկորները և բացակա կտորները փոխարինել գիպսով, ապա համապատասխան գունավորում տալ:
Կարասների բեկորները դուրս հանելուց, խմբավորելուց և մաքրելուց հետո է միայն պարզ դառնում, թե ինչ խեցեղենի կտորներ են հայտնաբերվել: Մաքրելուց և տեսակավորելուց հետո խեցեղենի բեկորները պեղավայրից տեղափոխվել են «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիա, որտեղ գտածոները ենթարկվել են քիմիական մաքրման, ապա լվացվել ջրով: Դրանից հետո է միայն պարզ դարձել, որ գերակշռում են հիմնականում երկու կարասի բեկորները, դրանք էլ հավաքվել և վերականգնվել են: Կարասներից մեկի 156, մյուսի՝ 130 բեկորները հավաքելու համար Պահպանության ծառայության Վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչից մի քանի ամսվա քրտնաջան ու համբերատար աշխատանք է պահանջվել:
Ըստ երիտասարդ վերականգնողի` մի քանի հազար տարվա պատմություն ունեցող իրերի հետ առնչվելու հնարավորությունը նախևառաջ հպարտության զգացողություն է առաջացնում.
«Սկզբում, երբ հայտնաբերվում է խեցեղենը, անհասկանալի է, թե ինչի հետ գործ ունես՝ սափորի, կճուճի, թասի, կարասի թե այլ իրի, բայց միևնույնն է, ուրախության, հպարտության ու նաև մեծ պատասխանատվության զգացողություն ես ունենում…բառերով դժվար է փոխանցել: Հպարտ ես, որ առնչվում ես պատմության տարբեր շերտերի հետ, որ հենց քեզ է տրված բեկոր առ բեկոր հավաքել ու ամբողջացել, ապա սերունդներին փոխանցել մի քանի հազար տարվա պատմություն ունեցող այս կամ այն իրը: Դու կարծես թե երկրորդ ծնունդ ես պարգևում հին աշխարհի պատմության, մշակույթի, կենցաղի մասին վկայող իրերին»:
Կարասների իրանին հանդիպող հորիզոնական, վերադիր գոտիները հատուկ նպատակով են արված, քանի որ նման մեծ կարասները պատրաստվել են մաս առ մաս և իրար ամրացնելիս կարերի հատվածներում նման հորիզոնական գոտիներ էին դրվում, սա կարը թաքցնելու և կարասը ամրացնելու հին հնարք է:
Ավարտուն տեսք ստանալուց հետո կարասները կցուցադրվեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Երիտասարդ վերականգնողը վստահ է` գտնված երկու կարասները առանձնահատուկ տեղ են ունենալու արգելոց թանգարանում, քանի որ տվյալ ժամանակաշրջանը ներկայացնող այդ ձևի և չափսի կարասներ չկան թանգարանում: Նման կարասներ հանդիպում են Կարմիր բլուրի մինչուրարտական բնակավայրի, Դվինի երկաթեդարյան բնակատեղիի և Ծիծեռնակաբերդի երկաթեդարյան հնավայրի պեղումներից:
«Ոգևորվում ես, երբ քո վերականգնած իրը ցուցադրվում է թանգարանում և իր շուրջը հավաքում բազմաթիվ հետաքրքրասերների: Մարդիկ հնարավորություն չունեն դիպչելու հազարամյակների պատմություն ունեցող թանգարանային առարկաներին, իսկ վերականգնողը դրանց հետ անմիջանականորեն առնչվողն է»:
Տիգրան Զաքյանն իր աշխատանքը կամուրջ է համարում անցյալի ու ներկայի միջև, ինչն էլ հպարտություն է առաջացնում: