ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի- Sputnik. Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ գալիք մենամարտը բնութագրել է որպես երազանք, որն իրականություն է դարձել, գրում է boxingnews24-ը։
Արթուր Աբրահամը վերջերս յոթերորդ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։
«Ես մենամարտել եմ Հոլիվուդում, Ֆլորիդայում Էդիսոն Միրանդայի հետ, Դեթրոյթում Անդրե Դիրելիի, Քարսոնում Անդրե Ուորդի հետ։ Բայց այդ ժամանակ ես ոչ մի արտառոց բան չզգացի։ Վերջին անգամ մարտի մթնոլորտը գրավեց ինձ 2011թ.-ին, երբ ռինգում հանդիպեցին Մենի Պակյայոն և Շեյն Մոզլին Լաս Վեգասի MGM Grand սրահում։ Այդ պահից ես երազում էի հայտնվել այդ նույն ռինգում, և ահա ապրիլի 9-ին իմ երազանքն իրականություն կդառնա, և ես կմրցեմ Pac-Man-ի հետ (Մենի Պակյայոյի մականունը — Sputnik): Չեմ կարծում, որ հաղթանակը հեշտ կլինի, քանի որ Խիլբերտո Ռամիրեսը երիտասարդ ու խոստումնալից բռնցքամարտիկ է «մարտական» ամենամեծ երկրներից մեկից»,- ասել է Աբրահամը հրատարակությանը։
Հայ բռնցքամարտիկը նշել է, որ հասկանում է պատմության էջերում իր անունը հավերժացնելու` Ռամիրեսի ձգտումը, որը հաղթել է գերմիջին քաշային կարգում։
«Բայց ինձ` որպես Գերմանիայում ապրող և այդ երկրի դրոշի տակ հանդես եկող հայի համար գոյություն ունի երկու արժեք` գաղափարներ, որոնց համար պետք է պայքարեմ, ինչպես նաև հպարտություն ու պատիվ։ Ես ռինգ կմտնեմ մեկ մտքով. «Ավելի լավ է մահանալ կանգնած, քան ապրել ծնկած»։ Դա կլինի իմ ամենամեծ հաղթանակը։ Շատ շնորհակալ եմ»,- եզրափակել է Աբրահամը։
Արթուր Աբրահամը (իսկական անունը` Ավետիք Աբրահամյան) բռնցքամարտիկի կարիերան սկսել է Հայաստանում, բայց 1990-ական թթ.-ին ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ նա շարունակել է իր կարիերան արդեն գերմանական դրոշի ներքո։