ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում հուշարձանի տարածքում սա արդեն հայոց բանակի շարքերը համալրող զինակոչիկների երդման երրորդ արարողությունն է, հայտնում է ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մարինե Ավանեսյանը:
Պատահական չէ, որ զինակոչիկների երդման համար ընտրվել է հենց VII դարի Զվարթնոց տաճարը: Նախաձեռնության նպատակը հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվող երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելն ու մշակութային ժառանգությունը հանրահռչակելն է:
«Զվարթնոցը թռիչք է դեպի լույս, դեպի բարձունք, դեպի կյանք: Նայելով այս չքնաղ տաճարին, դուք ոչ միայն ճաշակ ու ոգի եք ստանում, այլև հիշում եք ձեր խորը արմատներն ու ինքնությունը: Քանի որ դուք ձեր կյանքի ամենաանմոռաց իրադարձություններից մեկն ապրում եք Զվարթնոցում, ցանկանում ենք, որ ավելի արժևորեք մեր մշակութային գանձերը և հպարտությամբ լցվեք մեր ամեն մի կոթողի, ամեն մի թիզ հողի հանդեպ, որը պաշտպանում եք», — նշել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը։
Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդմանը հաջորդել է խորհրդանշական արարողությունը. Էջմիածնի N զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Ղազարյանը առանձնահատուկ շնորհավորել է միակողմանի ծնողազուրկ զինակոչիկների ընտանիքի անդամներին, մաղթել տոկունություն: Զինվորներից յուրաքանչյուրը ծաղիկներ է նվիրել երդմանը ներկա ծնողին կամ հարազատին:
«Այսօր հիմք են դրվում հայրենիքին հավատարիմ լինելու նախադրյալները, երդում տալով, դուք դարձաք պատասխանատու մեր պետության սահմանների անձեռնմխելիության համար և իրավամբ համարվում եք ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխիքը», — ողջույնի խոսում ասել է Էջմիածնի N զորամասի հրամանատարը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սեյրան Առաքելյանն էլ նկատել է, որ այս հիշարժան իրադարձությունն ավելի խորհրդանշական է դարձնում Զվարթնոցի տաճարը:
«Ձեզնից յուրաքանչյուրի՝ հայրենիքի նվիրյալ զավակը լինելու երդումը հնչում է ինչպես նախնիների ոգեղեն կանչ»:
Զինակոչիկների երդման հանդիսավոր արարողությունն ավարտվել է ժամկետային զինծառայողների՝ մարտական պատրաստության մասին վկայող ցուցադրական ելույթով: