ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեղրիում մասնակցել է թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է ՀՀ նախագահի՝ մարզերի համաչափ զարգացման հանձնարականի շրջանակներում:
«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը» ստեղծվել է «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում՝ պահպանելով ամբողջ բժշկական անձնակազմը: Արդիականացված նորաբաց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Մեղրու տարածաշրջանի բնակչությանը մատուցել ժամանակակից, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, երկրի ղեկավարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, առաջարկվող բժշկական ծառայություններին, բուժանձնակազմի հետ զրուցել կենտրոնի գործունեության հետ կապված հարցերի շուրջ:
Հանրապետության նախագահն այնուհետև մեկնել է Քաջարան, որտեղ մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ վերակառուցված մանկապարտեզի բացման արարողությանը: Վերանորոգման և շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 190 միլիոն դրամ:
Պատասխանատուների ներկայացմամբ, մանկապարտեզի շահագործման արդյունքում կլուծվի ևս 90 երեխայի նախակրթարան հաճախելու խնդիրը, ինչպես նաև Քաջարան քաղաքում կստեղծվի լրացուցիչ 40 աշխատատեղ:
Սերժ Սարգսյանն այցելել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ նրան ներկայացրել են կոմբինատի զարգացման ծրագրերը, իրականացված ներդրումները, ինչպես նաև կոմբինատի աշխատակիցների համար ստեղծված պայմանները: Նախագահը շրջայց է կատարել նաև կոմբինատի տարածքում, այնուհետև անցկացրել է խորհրդակցություն՝ կոմբինատի զարգացման ծրագրերի և հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ:
«Կատարված աշխատանքներն իրոք տպավորիչ են: Եվ եթե այդ աշխատանքները չիրականացվեին, ապա շատ ավելի հավելյալ բարդություններ կունենայիք միջազգային շուկաներում մետաղի գների անկման հետ կապված: Ես հիշում եմ 2008-2009 թվականները, այն ժամանակ էլ այսպիսի խնդիրներ ունեինք, և այն ժամանակ էլ լուծումներ տրվեցին»,- ասել է նախագահը և շնորհակալություն հայտնել սեփականատերերին:
«Կառուցվածքը չգիտեմ, ձեզ՝ որպես կոմբինատի ղեկավարներ և, իհարկե, ողջ կոլեկտիվին՝ ամենապարզ բանվորից սկսած, որովհետև հենց նաև նրանց լավ աշխատանքով է, որ գործերը լավ են գնում: Վստահ եմ՝ այս անգամ էլ լուծումներ են լինելու, ես դրա մասնագետը չեմ, բայց համոզված եմ, որ կլինի մեկ-երկու տարի հետո, գները կնորմալանան, նորից բոլորդ էլի շատ մեծ հաճույքով և առատաձեռն կսկսեք սոցիալական ծրագրերը նաև այս տարածաշրջանի ժողովրդի համար»,- ասել է Հանրապետության նախագահը:
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում հանրապետության նախագահը ներկա է գտնվել նաև Ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչության նոր մասնաշենքի բացման արարողությանը: