Գոհար Սարգսյան, Sputnik.
Նորաթուխ քահանան նոր է հրաժեշտ տվել սարկավագի աստիճանին, այդ պատճառով էլ ներկայանալիս շփոթվեց ու բառերը դադարներով արտաբերեց` Տեր Հրաչյա… քահանա Գյոզալյան։ Նա ընտանիքի երրորդ որդին է, որ ընտրել է հոգևոր ուղին։ Իսկ ծնողները որդիների որոշումը խանդավառությամբ են ընդունել։
«Հոգու կանչն ինձ առաջնորդեց դեպի ճեմարան, հետո էլ մի աշխարհ, որտեղ կծառայեմ իմ ժողովրդին։ Դաստիարակությանս ու եղբայրներիս օրինակով է, որ կանգնեցի այս ուղու վրա »,-ասաց քահանան։
Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանի համար այս տարվա փետրվարի 5-ը կրկնակի տոն է ու առանձնանում է մյուս բոլոր տարիներից. ծննդյան օրն է, որը նշում է հոգևոր մթնոլորտում։
«Քահանա ձեռնադրվելը չսպասված անակնկալ էր, որն Աստծո կամոք ստացվեց։ Ուրախ եմ, որ հոգևոր եղբայրներիս հետ եմ անցկացնելու ծնունդս»,-ասաց Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը։
Քահանաներին ձեռնադրում է կաթողիկոսը կամ եպիսկոպոսը։ Նոր ձեռնադրված քահանաները, ըստ կարգի, 40 օր պահքի մեջ են։ Իսկ դա նշանակում է, որ 4 տասնյակ օր ու գիշեր պետք է դուրս չգան Մայր Աթոռի տարածքից, ոչ ոքի չայցելեն, ոչ էլ նրանց այցելության գան։ Բացի այդ, օրը 3 անգամ ժամերգություն են անցկացնում, անդադար ընթերցանության ու աղոթքների մեջ են։ 40 օր հետո, երբ ավարտվում է պահքը, նրանցից յուրաքանչյուրը առաջին պատարագն է կատարում։
«Մենք քառասունքի ընթացքում օրվա մեջ կատարում ենք 9 ժամերգություն, որ հաստատվել են հայրերի կողմից։ Քիչ առաջ կատարեցինք 3 ժամերգությունները»,-ասաց քահանան։
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Sputnik Արմենիային տեղեկացրին, որ քահանայական ձեռնադրության համար թեկնածուն պետք է ամենաքիչը մեկ տարի ամուսնացած լինի և երեխա ունենա։ Իսկ այրիացյալ քահանան կարող է դառնալ աբեղա կամ երկրորդ անգամ ամուսնանալ` համաձայն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդի սահմանած կանոնադրության։
Հերթական ժամերգությունից հետո երիտասարդ քահանաները զուսպ կեցվածքով, բայց անթաքույց փայլուն և ուրախ աչքերով դուրս եկան տաճարից. հանձն են առել մի ճանապարհ, որը գոհացնում է նրանց և ստիպում կրել պատասխանատվություն Աստծո ու ժողովրդի առջև։
Ասում են, որ Ձեռնադրությունը խորհուրդ է, որի միջոցով «Սուրբ Հոգին ընծայացուին իրավունք է տալիս կատարել խորհուրդներն ու սնել Քրիստոսի հոտը»։