ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի- Sputnik. Հայաստանը կրկին ընդգրկվել է արտասահմանյան զբոսաշրջիկների համար գրավիչ երկրների ցանկում։
Օրինակ` Fox News կայքը կազմել է հետպատերազմական երկրների ցուցակը, որտեղ Հայաստանը ներառվել է լավագույն տասնյակում։ Երկիրը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։
Այսօր Հայաստանը սիրելի վայր է եվրոպացի ճանապարհորդների համար։ Գրող, ճանապարհորդ Քեթի Ջեքսոնի խոսքով` 2014թ.-ի տվյալով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասել է 1,2 միլիոնի, ինչը նախորդ տարիների համեմատ շատ է 11,3 տոկոսով։
Հոդվածի համաձայն` Հայաստանի գրավչությունը մեծանում է ամերիկացի զբոսաշրջիկների համար։ Նրանց գրավում են գեղատեսիլ լեռները, մաքուր օդը, հասարակական մատչելի տրանսպորտը, բազմաթիվ վանքերն ու եկեղեցիները։
Հայաստանն ընդգրկվել է լավագույն եռյակում
Travel.ru-ն կազմել է ԱՊՀ երկրների ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունների ցուցակը։ 2016թ.-ի վարկանիշի համաձայն` Հայաստանը ռուս զբոսաշրջիկների համար լավագույն երեք երկրից մեկն է։
Ցուցակը կազմել են հյուրանոցների նախապատվերների հիման վրա` հաշվարկելով 2016թ.-ի փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։
«Անցած տարվա ընթացքում ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների այցելություններն ԱՊՀ երկրներ աճել են 20 տոկոսով, իսկ Երևանն ընդգրկել է ԱՊՀ ամենահայտնի քաղաքների լավագույն եռյակում»,- նշել է Travel.ru-ի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Յակով Սադչիկովը։
Կայքի տվյալով` ՌԴ քաղաքացիները Երևանում մեկ օր մնալու համար պատրաստ են ավելի քան 2,5 հազար ռուբլի ծախսել։ Բոլոր ճանապարհորդությունները պետք է պատվիրել նախօրոք, առնվազն 5 օր առաջ։
Հանգստացի՛ր Հայաստանում, տնտեսի՛ր փողերդ
Oktogo.ru-ն` հյուրանոցների առցանց պատվերի ռուսական ծառայությունը, կազմել է ռուսաստանցիների համար ամենաէժան զբոսաշրջային ուղղությունների տասնյակը։ Երևանն ընդգրկվել է այդ ցանկում։
Կայքի տվյալներով` զբոսաշրջիկները Երևան են գալիս միջինը 3,5 օրով։ Հանգստի միջին արժեքը օրական 10-22 դոլար է կազմում։