ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Առողջապահական պետական տեսչության պետի տեղակալ Գոհար Փանաջյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է այն մասին, թե առողջապահական գերատեսչության ներկայացուցիչները ինչ ջերմաստիճան են արձանագրել դպրոցներում։
«Նախնական տվյալով` Երևանի ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմը հիմնականում համապատասխանում է նախանշված նորմերին, կան որոշ հաստատություններ, որտեղ նորմայից շեղումներ կան, դրանք հիմնականում մարզերում են։ Այդ հարցն այժմ գտնում է տեղական ինքնակառավարման մարմինների հսկողության տակ»,- նշել է Փանաջյանը։
Դասասենյակներում օպտիմալ ջերմաստիճանը 18-22, 23 աստիճանն է, մի քիչ ավելի պակաս կարող է լինել միջանցքներում, մանկապարտեզներում նույն ջերմային ռեժիմը պետք է լինի։ Ստուգումները ցույց են տվել, որ դպրոցներում պահպանվում է ջերմաստիճանային նորմը։
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գրավոր հանձնարարականով դիմել է պատկան կառույցների ղեկավարներին, որպեսզի ուսումնական գործընթացը սկսվի առանց խաթարումների, երեխաների համար ապահովվեն համապատասխան պայմաններ, չխախտվի ջերմային ռեժիմը։
Առողջապահության նախարարի գլխավորությամբ ստեղծվել է արագ արձագանքման աշխատանքային խմբեր, որոնք ինտենսիվ աշխատել են վերջին շաբաթների ընթացքում։
Նախարարի հանձնարարությամբ աշխատախմբերը, որոնք մշտադիտարկում են իրականացնում, արձանագրում են ջերմային ռեժիմն ուսումնական հաստատություններում։
Նախարարի հրամանով ժամանակավորապես դադարեցվել է բուֆետների աշխատանքը` ելնելով այն հանգամանքից, որ այստեղ շատ են երեխաների խմբավորումները, վարակի փոխանցման հավանականությունը մեծ է, նույնը ֆիզկուլտուրայի դեպքում։
Գոհար Փանաջյանը նախարարության անունից կրկին հորդորել է բոլոր ծնողներին, որպեսզի երեխաների անգամ թեթև մրսածության դեպքում չտանեն դպրոց կամ մանկապարտեզ, դիմեն տեղամասային պոլիկլինիկա, չզբաղվեն ինքնաբուժությամբ, երեխաներին հագցնեն եղանակային պայմաններին համապատասխան։