ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի- Sputnik. Մահացել է եգիպտական կինոյի հայազգի աստղ Ֆեյրուզը (Փիրուզ Արթին Քալֆայանը)։ Այս մասին հայտնում է Cairoscene-ը։
«Երգչուհին վերջին տարիներին տառապում էր լյարդի և երիկամների հիվանդությունից»,- գրում է կայքը։
Ֆեյրուզը հայտնի է ավելի քան 20 ֆիլմում խաղացած դերերով։ 2001թ.-ին Կահիրեի միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչները պարգևատրել էին դերասանուհուն եգիպտական կինոյում ունեցած զգալի ավանդի համար։
Նա նկարահանվել է «Յասմին», «Ֆեյրուզ խանում», «Դահաբ», «Ասաֆիր էլ Գանա» և այլ ֆիլմերում։
Պատանի տաղանդին բացահայտել է եգիպտացի դերասան և ռեժիսոր Անվար Վագդին, նրա շնորհիվ 7 տարեկան աղջնակը «Յասմին» կինոմյուզիքլում մարմնավորել է գլխավոր հերոսուհու կերպարն ու անվան արաբական մեկնաբանությունը` Ֆեյրուզը, օգտագործել է որպես բեմական կեղծանուն։
Գրեթե բոլոր ֆիլմերում Ֆեյրուզը հանդես է եկել միաժամանակ և՛ որպես դերասանուհի, և՛ որպես երգչուհի ու պարուհի։
«Ես քեզ չեմ մոռանա» ֆիլմով (1959) նա ավարտել է իր կինոկարիերան։ Ամուսնացել է եգիպտացի կատակերգու Բադրեդին Գամգումի հետ, լույս աշխարհ բերել երկու երեխա (Այման, Իման)։
Քալֆայանը ծնվել է 1943թ.-ի մարտի 15-ին։