ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության կարևոր կետը խաղաղության հաստատումն է տարածաշրջանում, նշեցին Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Թինաթին Խիդաշելին Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ տարածաշրջանային անվտանգության խնդիրների լուծման աշխատանքների հիմքում տեսնում է քաղաքական ճանապարհը, բանակցությունները, երկխոսությունը, հանդուրժողականության մթնոլորտի ստեղծումը։
«Չնայած մեր երկրներն անվտանգության տարբեր համակարգերում են, մենք ՀԱՊԿ անդամ ենք, իսկ Վրաստանը ձգտում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալ, սակայն դա չի խանգարում, որ մենք, թեկուզ տարբեր մտադրություններով, համապատասխան բարեկամական, հարևանային հնարավորություններ ստեղծենք մեր տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար»,- նշեց նախարարը։
Օհանյանը հայտնեց, որ հայ-վրացական բանակցությունների ընթացքում կարևորվել են փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը, բարձրաստիճան այցելությունները, ռազմավարական պլանավորումը, փորձի փոխանակումը, խաղաղապահությունը, ռազմական կրթությունը։ Այդ համատեքստում նա նշեց, որ շատ հայ զինվորականներ սովորել են Վրաստանի համապատասխան հաստատություններում։
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին նշեց, որ երկու շաբաթ առաջ այցելել է Աֆղանստան, որտեղ հայ և վրացի զինվորականները միասին ծառայում են Մազարի Շարիֆում` հանուն ընդհանուր նպատակի` խաղաղության և կայունության հաստատման։ Եվ դա համագործակցության լավագույն օրինակն է։ Նրա խոսքով` 2016-ին բազմաթիվ համատեղ ծրագրեր են նախանշված։
Լրագրողի հարցին ի պատասխան` Խիդաշելին ընդգծեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ հարևան երկիր է, և այն մեծ նշանակություն ունի Վրաստանի համար, Վրաստանը շնորհակալ է Թուրքիային բոլոր նախաձեռնություններում ցուցաբերած աջակցության համար։ Դա վերաբերում է ՆԱՏՕ-ում և այլ ձևաչափերում երկու երկրների հարաբերություններին։ Այդ երկիրը նաև ավելի առարկայական աջակցություն է ցուցաբերում Վրաստանին, օրինակ` անցյալ տարի ջրհեղեղի ժամանակ։
ԵԽԽՎ-ում հակահայ բանաձևի քվեարկության ժամանակ Վրաստանի պատվիրակության դիրքորոշումը մեկնաբանելիս Խիդաշելին նշեց, որ ինքն արդեն ԵԽԽՎ-ում խորհրդարանական չէ և չի կարող մեկնաբանել իր գործընկերների որոշումն ու քվեարկությունը։ Բայց ամեն դեպքում նշեց, որ որոշումների վիճակագրությունը չի խոսում այն մասին, որ հայկական և վրացական պատվիրակությունները գոհ են միմյանց քվեարկություններից։ Ըստ նրա` սա քաղաքականություն է։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում չի ընդունվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը, սակայն ընդունվել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցը, որը վերաբերում է Սարսանգի ջրամբարին:
Նշենք, որ հունվարի 31-ից փետրվարի 2-ը պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը։ Այսօր կայացավ նրա և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը, ստորագրվեց Հայաստանի և Վրաստանի միջև 2016թ. ռազմական համագործակցության ծրագիրը։