Հայ հայտնի հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչները կընթերցեն հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները։
Sputnik Աբխազիան նախաձեռնությունը փոխանցել է Sputnik Արմենիային։ Հայաստանում նախագծին մեկնարկ է տվել Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն. նա ընթերցել է Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։
«Sputnik. Ընթերցում նախագիծն արդեն անցկացվել է չորս երկրի խմբագրություններում, և հերթն այժմ Հայաստանինն է։ Նախագծի նպատակը տարբեր մշակույթներին ու ազգերին հզոր պոեզիայի շուրջ համախմբելն է` միջազգային երկխոսության համար կամուրջ ստեղծելով։ Մենք սրտանց ցանկանում ենք, որ նախագծին ակտիվ մասնակցություն ցուցաբերեն մեր կայքի բոլոր ընթերցողները»,– ասել է Դմիտրի Պիսարենկոն։
Պիսարենկոն ավելացրել է, որ իր ընտրած բանաստեղծությունը մեծ ուղերձ ունի, քանի որ ազատությունը ցանկացած ժողովրդի գլխավոր արժեքն է։ Այն ավելի քաղցր է, երբ ձեռք է բերվում մեծ գնով։
Sputnik.Ընթերցում նախագիծը բազմաբևեռ, բազմագույն աշխարհում մարդկանց իրար մոտեցնելն է այնպիսի բանաստեղծական ստեղծագործությունների միջոցով, որոնք հիմնարար արժեքներ են շոշափում` սեր, կյանք, շրջապատող աշխարհի գեղեցկություն։ Նախագիծը մեկնարկել է Sputnik.Ղրղըզստանում 2015 թվականի մարտին։ Ղրղըզստանի գործընկերների նախաձեռնությանն աջակցել է Sputnik. Մոլդովան։ Նոյեմբերին Sputnik. Ընթերցում նախագծին են միացել Sputnik.Աբխազիան և Sputnik.Յուժնայա Օսեթիան։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: