ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հայտնել է, որ հանրապետությունում շարունակվում է գրիպով և սուր շնչառական վարակներով դիմելիության նվազումը։ Զգալի կրճատվել է հիվանդացությունը հղիների շրջանում։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ժամանակին ձեռնարկված արձագանքման և բազմակողմանի աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել բարձրացնել բնակչության զգոնությունը։ Մարդկանց` բժշկական հաստատություններ շուտ դիմելու շնորհիվ հնարվորինս քիչ թվով ծանր դեպքեր են արձանագրվել։
Ինչպես նշված է նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ, հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների բժիշկները, որոնք դեռ 2015թ.-ի աշնանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետի մասնակցությամբ հատուկ վերապատրաստվել էին գրիպի ու դրա բարդությունների բուժման ուղղությամբ, կարողացել են հարյուրավոր մարդկանց ապաքինել, շատերի կյանքը փրկել։
ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը ներկայացրել է հանրապետության դպրոցական և նախադպրոցական հիմնարկներում ջերմային ցուցանիշների ապահովման ուղղությամբ իրականացված մշտադիտարկման արդյունքները։ Նախարարը հանձնարարել է շարունակել աշխատանքները հատկապես այն հաստատություններում, որտեղ արձանագրվել են ջերմային ցուցանիշների շեղումներ։
Քննարկվել է նաև հանրապետությունում գլխավոր սանիտարական բժշկի ինստիտուտի վերականգնման հարցը։