ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Եթե Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում առաջին խաղաշրջանն ավարտեց Բունդեսլիգայի լավագույն աջ կիսապաշտպանի կոչումով, ապա երկրորդ խաղաշրջանի վերջում լավագույն ֆուտբոլիստի կոչում կունենա, կարծիք հայտնեց ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը Sputnik ռադիոկայանի եթերում։
Նրա ցանկությունն է, որ «Բորուսիայից» հետո Մխիթարյանը հանդես գա Պրեմիեր լիգայում, խաղա «Ռեալ», «Բարսելոնա», «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթիդ» ու նման ակումբներում։
Ամենաքննարկվող թեմայի` Արազ Օզբիլիսի` թուրքական ակումբ տեղափոխվելու հարցի վերաբերյալ մեկնաբանը նշեց, որ իսպանական «Ռայո Վալյեկանո» ակումբի հետ նրա պայմանագիրը կգործի մինչև մայիս, ու ֆուտբոլիստը ստիպված կլինի վերադառնալ Թուրքիա` «Բեշիկթաշ»։
«Ֆուտբոլիստի կյանքում ամեն ինչ հնարավոր է, ֆուտբոլիստը պետք է ամեն ինչ նախօրոք հաշվի առնի և նկատի ունենա, նաև` թուրքական ակումբի մարզաշապիկ կրելն ու խաղալը»,- ասաց Կարա-Պողոսյանը։
Մեկնաբանը նշեց, որ երկակի է մեկնաբանվում նաև Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը, մասնավորապես մասնագետների մոտ հարց է առաջանում` ինչու՞ գնալ օվկիանոսից այն կողմ, եթե նրանով հետաքրքրված են նաև եվրոպական ակումբներն ու թիմերը, մասնավորապես` անգլիական և գերմանական ակումբները։
«Հուսանք, որ նա իրեն ԱՄՆ-ում լավ կզգա, քանի որ առաջին բարձր մակարդակի քայլերը հենց այդ ակումբում է արել»,- նշեց նա։
Նա հուսով է, որ նոր մարզչի` Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն ավելի լուրջ հաջողությունների կհասնի, քան ձախողված Եվրո 2016թ-ի ընտրական մրցաշարի ժամանակ։ Առավել ևս, որ նա բավական հին մասնագետ է, վաղուց է ֆուտբոլում` 1980-ական թթ-ից, ժամանակին ունեցել է ազգային հավաքականը գլխավորելու փորձ։
«Երկու միավորն այն ցուցանիշը չէր, որ մենք սպասում էինք նման ֆուտբոլիստներով, նման կազմով։ Արգենտինացիներն ու բրազիլացիները երազում են, որպեսզի Հենրիխ Մխիթարյանը հանդես գա իրենց թիմերում»,- ասաց մեկնաբանը։
Մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե Հայաստանի հավաքականը միտումնավոր վատ խաղ է ցուցադրել` բողոքելով ու պահանջելով նոր մարզիչ, Կարա-Պողոսյանը նշեց, որ չի հավատում, թե մեր ֆուտբոլիստները նման բան կարող էին անել։
«Չեմ կարծում, որ հավաքականում կա ֆուտբոլիստ, ով հագնելով մարզաշապիկ` խաղ կվաճառի։ Կարող եմ բոլորի փոխարեն պատասխանել, որ նրանք առավելագույնս տրվել են խաղին»,- շեշտեց նա։
Կանխատեսումներ անելով Հայաստանի 2016-ի առաջնության մասին` Կարա-Պողոսյանը նշեց, որ ձմեռային արձակուրդից առաջ «Ալաշկերտը» գլխավորում էր աղյուսակը` առաջ անցնելով «Փյունիկից», և այժմ չեմպիոնության համար հիմնական մրցակցությունը հենց նրանց միջև կլինի, թեև ինքը սպասումներ ունի նաև «Արարատից» ու «Շիրակից»։
Նա նաև ցանկություն հայտնեց, որպեսզի ՖԻՖԱ-ի նոր ղեկավար դառնա Ջանի Ինֆանտինոն, ով ֆուտբոլում հին մարդ է և քաջատեղյակ է եվրոպական առաջատար ակումբների գործունեությանը։