Գոհար Սարգսյան, Sputnik
«Փառք հայոց բանակին», «Թող հաղթանակները հարատև լինեն». այսօրինակ փոխադարձ շնորհավորանքները լցրեցին Օպերայի և բալետի թատրոնի դահլիճը, որտեղ պետք է սկսվեր Հայոց բանակին նվիրված տոնական միջոցառումը։
Զինվորականին բնորոշ զուսպ կեցվածքով ու խիստ քայլվածքով համազգեստավորները շարքով-կարգով ներս մտան։ Նրանց կողքին հպարտ ու ժպիտով քայլում էին նրանց կանայք ու երեխաները։
Րոպեներ անց դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Լսվում էին անվերջանալի պատմություններ պատերազմական օրերից։
«Այսօր տխուր թեմաներից չենք խոսելու, ուրախության օր է»,- ասաց զինվորականներից մեկը։
«Ուրեմն պատմեք, թե ինչպես էիք թոթափում պատերազմի ծանր լիցքերը»,- Sputnik Արմենիայի առաջարկին ռազմական ոստիկանության շտաբի պետ Արմեն Մնացականյանն արձագանքեց.
«Ամեն առիթ օգտագործում էինք ուրախության պահեր գտնելու համար։ Օրինակ` պատմեմ, թե ինչ էինք անում, երբ լուր էր հասնում, որ տղաներից մեկի տանը երեխա է ծնվել։ Նշելու համար ոչ խմիչք ունեինք, ոչ էլ տոնական տորթ։ Ձեռքի տակ եղած մի կոնֆետ էինք վերցնում ու դրա շուրջը տոն կառուցում»,- հիշեց նա։
Հասարակության մեջ «Մառոզ» անունով հայտնի Մարգարիտա Խաչատրյանը, ով տարիներ առաջ կորցրել է իր զինվոր որդուն ու հիմա կյանքը նվիրել է բոլոր զինծառայողներին, բարեմաղթանքներ հղեց այս տոնական օրը։
«Մայրական օրհնությունն ու բարեմաղթանքներս եմ տալիս իմ զինվոր բալեքին, թող անամպ երկինք լինի ու խաղաղություն, սատար կանգնենք մեր զինվորներին, առանց նրանց Հայաստան չկա։ Եթե մի անգամ լինեք խրամատում, կտեսնեք 18 տարեկան զինվորի անպարտ ոգին»,- նշեց նա։
Տեր Բագրատ քահանա Գալստանյանն այս ընթացքում քայլում էր շարքերով ու օրհնում մարդկանց։ Նա հպարտորեն հայտարարում էր, որ ունենք տարածաշրջանում ամենահզոր ու խաղաղապահ բանակը։
«18 տարեկան ուսանող էի, երբ գնացի պատերազմ։ Ամենաթեժ կետում էի` Լաչինում։ Հույսի օրեր էին, այդպես էլ կմնան։ Մեր արյունը եռում էր, բոլոր դժվարությունները մի կողմ էին թողնված, մեր կյանքի ճշմարտությունն ու պատիվն էինք վերականգնում»,- հավելեց Տեր Բագրատ քահանա Գալստանյանը։
Խրոխտ երաժշտության ներքո ներս մտան զինվորականները` գլխավերևում պահած Հայաստանի ու Հայոց բանակի մարտական դրոշները։ Խոսակցություններն արագ լռեցին։ Պաշտպանության նախարարի շնորհավորական ուղերձով մեկնարկեց տոնական համերգը…