ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Գրիպի տարածման պատճառով Թբիլիսում հունվարի 28-ից փետրվարի 1-ը դադարեցվել է ուսումնադաստիարակչական գործընթացը, հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Թբիլիսիի քաղաքապետարանի մանկապարտեզի կառավարման գործակալության մամուլի ծառայությանը։
Հիվանդությունների և հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի խորհրդով` մանկապարտեզի սաներն ու դպրոցականները, որոնք գրիպի կամ հարբուխի ախտանշաններ ունեն, չպետք է մուտք գործեն մանկապարտեզների և դպրոցների տարածք. պետք է խոնավ մաքրում կատարել, օդափոխել տարածքներն ու հետևել ձեռքերի մաքրությանը։
Այս պահին երկրում վիրուսով հիվանդանալու 332 դեպք է գրանցվել։ Վրաստանում համաճարակային շեմը 500-ն է։ Տարեսկզբից ի վեր Վրաստանում H1N1 վիրուսի հետևանքով մահացել է երեք տղամարդ։