ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Հայոց բանակը նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է, ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
«Նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է Հայոց բանակի կազմավորումը, որն արդյունքն է քաջարի մեր զավակների պայքարի եւ առ Հայրենին նվիրումի ու սիրո: Այսօր Հայոց բանակի արիասիրտ մեր զինվորների ու հրամանատարների սխրանքով, երբեմն նաև կյանքի զոհաբերումով, անխաթար ու պաշտպանված են մեր երկրի սահմանները: Հայ զինվորի անվեհեր ոգին քաջալերություն է բաշխում մեր ողջ ժողովրդին՝ առաջնորդելով ամենքիս ամբողջական նվիրումով, նախանձախնդրությամբ ու միմյանց նկատմամբ սիրով ծառայելու մեր հայրենիքին եւ իրագործելու մեր երկրի պայծառ գալիքի լուսավոր տեսիլքներն ու հույսերը»,- նշված է ուղերձում:
Կաթողիկոսը շնորհավորել է հայ ժողովրդին, հաղթական բանակի սպաներին ու զինվորներին:
«Միածնաէջ Սուրբ Խորանի առջեւ աղոթում ենք, որ Երկնավոր մեր Տերը օրհնի եւ զորացյալ ու հաղթական պահպանի մեր Հայրենիքի սահմանները հսկող բոլոր զինվորներին ու զորավարներին, այլեւ խաղաղության մեջ արդյունավորի աստվածասեր մեր ժողովրդի ձեռաց գործերը՝ հանուն անվրդով ու բարեշեն մեր կյանքի: Թող Տիրոջ շնորհը, սերը և խաղաղությունը լինեն ամենքիս հետ այսօր և հավիտյան»,-նշված է ուղերձում: