Անի Լիպարիտյան, Sputnik.
Sputnik Արմենիան հանդիպել է ծրագրավորող Զավենի հետ, որի կյանքը փոխել է Zangi հավելվածը։ «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ իմ դասախոսը խորհուրդ տվեց առցանց շփվել անգլերեն լեզվով։ Եվ ես որոշեցի զբաղվել դրանով ու շփում սկսել արտասահմանցիների հետ։ Ծանոթացա ֆիլիպինցի աղջկա հետ»,- պատմեց Զավենը։
Այդ ժամանակ Zangi-ն գոյություն չուներ, սակայն Զավենի ռոմանտիկ պատմությունը զարգանում էր արագ տեմպերով։ Որոշ ժամանակ անց Զավենը սկսեց աշխատել հենց հավելվածի գրասենյակում։ Նա ներբեռնեց «app»-ը և խորհուրդ տվեց ֆիլիպինուհուն նույնն անել։ «Երբ իմ ընտրյալը մի շրջանից մյուսն էր տեղափոխվում, նա չէր կարողանում ինձ հետ կապ հաստատել։ Ի վերջո նա ներբեռնեց հայկական հավելվածը»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Zangi-ի շնորհիվ նրանք կարողացել են մշտական կապի մեջ լինել։ Հետո Զավենը որոշել է սիրելիին անակնկալ մատուցել։ «Ես իմ ընտրյալին ամուսնության առաջարկ արեցի անցած տարվա փետրվարին։ Եվ նույն տարվա օգոստոսին ես մեկնեցի Ֆիլիպիններ, որպեսզի ամուսնանանք։ Նա չուզեց Հայաստան գալ, քանի որ ինտերնետային ծանոթությունները երբեմն վախեցնում են»,- պարզաբանեց Զավենը։
Ֆիլիպինուհին խնդրել է Զավենին գալ իր հայրենիք։ Զավենն այնտեղ ծանոթացել է աղջկա ծնողների հետ։ «Խնդիրն այն էր, որ մենք պետք է միմյանց տեսնեինք իրական կյանքում։ Հանդիպեցինք, հավանեցինք իրար։ Zangi-ն ինձ շատ է օգնել։ Հիմա սպասում ենք մեր առաջին երեխային։ Որոշել ենք մեր աղջկա անունը Գայանե դնել»,- ասաց Զավենը։
«Զանգիր ինձ, զանգիր»
Sputnik Արմենիան խոսել է նաև Zangi-ի ստեղծման գաղափարի հեղինակ և հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանի հետ։ Նրա խոսքով` հավելվածի ստեղծման գաղափարը ծագել է յոթ տարի առաջ։ «Տվյալ պահին մենք հասկացանք, որ աշխարհը փոխվում է, փոխվում են հեռահաղորդակցությունները։ Ուստի մենք սկսեցինք մեր հավելվածի մշակումը»,- պատմեց պորտալի զրուցակիցը։
Հեղինակների խոսքով` Zangi-ի գլխավոր տարբերությունն այն է, որ հավելվածը ավելի որակյալ աուդիո և տեսանյութեր տրամադրելու հնարավորություն է ընձեռում և հասանելի է նույնիսկ 2G ցածրորակ ինտերնետից օգտվելու դեպքում։ Բացի այդ, Zangi-ից շատ հեշտորեն կարող են օգտվել նաև ձախլիկները։
«Դա սմարթֆոնային հեղափոխության արդյունք է, միմյանց հաջորդել են ժամանակակից և առաջադեմ գաջեթները, և մենք, լինելով տեխնոլոգիական մարդիկ, հասկացանք, որ մարդկանց պետք են նոր տեխնոլոգիական լուծումներ, որոնք կապի նոր, ավելի որակյալ մեթոդ կառաջարկեն»,- բացատրեց Մարտիրոսյանը։ Մասնագետները նշում են, որ Zangi-ն արժանի մրցակից է դառնում աշխարհում հայտնի Skype, Viber, WhatsApp և այլ հավելվածների համար։