ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի-Sputnik. Գոհար Սարգսյան. Լրագրողների հետ հարցուպատասխանի անցնելուց առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կեսկատակ, կեսլուրջ զգուշացրեց.
«Կոալիցիայից չեմ խոսելու, ոտքիցս էլ պատմել եմ… Հարցերն ուղղեք միայն վարկանիշավորման մասին»:
Նախարարը ներկայացրեց 10 լավագույն բուհերի ցանկը, որի առաջին եռյակում են Երևանի պետական, Հայ-ռուսական սլավոնական և Հերացու անվան պետական բժշկական համալսարանները: Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը տասնյակի վերջին տեղում է:
«Գիտեմ, որ քննադատություններ ու դժգոհություններ կլինեն: Քննադատությունը կբաժանվի երկու մասի՝ կոնստրուկտիվ և եսասիրական: Արհեստականորեն որևէ բուհի բարձրացնելու կամ իջեցնելու որևէ նպատակ չկա: Մանրամասն վերլուծությունը միայն կարող է օգնել բուհերին՝ գտնելու իրենց ուժեղ և թույլ կողմերը: Իսկ վարկանիշավորումը բացառապես մասնագիտական է»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Տեղեկացնենք, որ բուհերի վարկանիշավորման գործընթացը սկսվել է դեռևս 2013 թվականին: Նպատակն է խթանել բարձրագույն կրթական հաստատությունների միջև մրցակցությունը և բարձրացնել շահառուների ու հասարակության իրազեկվածության մակարդակը:
Այս օրերին բոլոր ծնողներին հետաքրքրում է այն հարցը, թե դպրոցական արձակուրդները երկարաձգելուց հետո աշակերտներն ինչպես են վերականգնելու բաց թողած կուրսը: Sputnik Արմենիայի հարցին նախարարը պատասխանեց.
«Մենք հաճախումների վերահսկողություն ենք իրականացնելու, բայց դա ոչ թե պատժիչ նպատակ է ունենալու, այլ` վերլուծական: Գուցե դպրոցները դասաժամեր սահմանեն շաբաթ օրերին: Իսկ գարնանային արձակուրդը վերացված է»,-իր խոսքը եզրափակեց Արմեն Աշոտյանն ու հեռացավ` լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրելով հարցեր այլևս չուղղել, քանի որ ոտքի վրա երկար կանգնել չի կարողանում. հունվարի 2-ին նախարարը սայթաքել-ընկել էր ու կոտրել ոտքը։
