Լաուրա Սարգսյան, Sputnik
Վեճը ծագել էր մեկ տարի առաջ YouTube-ի ալիքներից մեկում հրապարակված «Հարսանեկան հայկական պար, Գևորգյան պարի ակադեմիա, ԱՄՆ» անունով տեսանյութի պատճառով
Տեսանյութում երևում է, որ Վարդան և Սիրանուշ Գևորգյանները պարում են վրացական ազգային պար Զախարիա Պալիաշվիլու «Դաիսի» օպերայից։ Օգտատերը սխալվել է, երբ պարը հայկական է անվանել։
Սակայն ավելի ուշ այդ տեսանյութը տարածվել է Facebook սոցիալական ցանցում։ Որոշ մեկնաբանություններում կատարողներին մեղադրել են գողության մեջ, եղել են անգամ անպարկեշտ արտահայտություններ։
Անցած հանգստյան օրերին այդ թեմային անդրադարձել է վրացական GDS (Georgian Dreams Studio) հեռուստաալիքը: Սյուժեում ԱՄՆ-ում գործող Գևորգյան պարի ակադեմիային մեղադրել են վրացական ժառանգությունը յուրացնելու մեջ։
GDS-ի ռեպորտաժում «Սուխիշվիլի» համույթի մենակատար և Վրաստանի ժողովրդական արտիստուհի Իամզե Դոլաբերիձեն հրապարակավ մեղադրել է հայկական համույթին գողության մեջ։
Իր պատասխանում Վարդան Գևորգյանը որոշել է պարզել թյուրիմացությունը։
«Հարգելի բարեկամներ, խնդրում եմ ընդունել այդ նամակը` ստեղծված խառնաշփոթը բացատրելու համար։ Մենք ոչ մի կապ չունենք աքաունթի հետ, որը նման գրությամբ տեսանյութ է տարածել։ Մենք պաշտոնապես խնդրում ենք այդ աքաունթին, որպեսզի նա ուղղի գրությունը, մենք նման խնդրանքով դիմել ենք նաև YouTube-ի ղեկավարությանը։ Ես հասկանում եմ ձեր հիասթափությունը և ցանկանում եմ ներողություն խնդրել երրորդ կողմի սխալի համար»,- ասվում է Գևորգյանի նամակում` հասցեագրված վրացի հասարակությանը։
Հաղորդագրությունում նաև ասվում է, որ Ակադեմիան պարի միջազգային դպրոց է, որտեղ պարում են հայկական, ռուսական, ամերիկյան, մոլդովական, վրացական, հունական, գնչուական և այլ պարեր։ Նամակին կցվել են Ակադեմիայի ազդագրերը, որոնցում նշված է պարերի ծագումը։
Վրացի հասարակական գործիչների նախաձեռնությամբ, որոնց շարքում եղել է նաև «Խաղաղության հիմնադրամի» հիմնադիր Գեորգի Թումասյանը, կողմերը հանգել են ընդհանուր համաձայնության։ Հենց Թումասյանի օգնությամբ վրացական հասարակությունը և GDS-ը ծանոթացել են Գևորգյանի նամակին։
Այժմ տեսանյութը կարելի է դիտել YouTube-ում` «Հայկական պարի համույթ` Գևորգյան պարի ակադեմիա, ԱՄՆ» ճիշտ գրությամբ։
