ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 10-ին` Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում:
Եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը:
Առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում ելույթ կունենան նաև Խորվաթիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Հունաստանը, Հունգարիան, Ռուսաստանը, Նիդեռլանդները, Սան Մարինոն, Ադրբեջանը, Կիպրոսը, Մալթան, Բոսնիա և Հերցեգովինան, Էստոնիան, Չեխիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆրանսիան և Իսպանիան ներկայացնող մասնակիցները:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 12-ին, որի ընթացքում ելույթ կունենան Լատվիան, Բելառուսը, Իռլանդիան, Շվեյցարիան, Մակեդոնիան, Ավստրալիան, Լիտվան, Լեհաստանը, Իսրայելը, Սերբիան, Ալբանիան, Բուլղարիան, Դանիան, Վրաստանը, Ռումինիան, Սլովենիան, Նորվեգիան, Ուկրաինան, Բելգիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան ներկայացնող երգիչ-երգչուհիները:
Մասնակիցների ելույթների հստակ համարները հայտնի կդառնան մարտին, երբ մասնակից բոլոր երկրները ներկայացնեն իրենց երգերը:
Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում որոշակի կանոններ են փոխվել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։