ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի- Sputnik. Գիշերը Երևանում՝ Հաղթանակի կամրջի վրա, անցորդներն ու ոստիկանները ինքնասպանության փորձ կանխեցին:
Կամրջի երթևեկելի մասում մի քանի ավտոմեքենաներ էին կանգնել, իսկ մայթին տասնյակ մարդիկ էին հավաքվել:
Ոստիկանն ամուր գրկել էր միջին տարիքի կնոջը, որը փորձել էր անցնել եզրապատը: Ենթադրելով, որ օգնություն է պետք, մեքենաների վարորդները կանգնեցրել էին ավտոմեքենաներն ու մոտեցել կնոջը:
Հաջողվեց պարզել, որ ուշ գիշերով Հաղթանակի կամրջի վրա տարօրինակ պահվածքով կնոջը նկատել էին տաքսիստն ու ուղևորները:
Նրանք կանխել էին ինքնասպանության փորձը և ոստիկան կանչել: Շուտով մեր թղթակցի աչքի առաջ հայտնվեց նաև երկրորդ ոստիկանը, և հավաքվածները ցրվեցին:
Միաժամանակ կինը շարունակում էր նետվել դեպի եզրապատը և ճչում էր, որ իրեն բաց թողնեն և չխանգարեն «գնալ իր երեխայի ու մոր մոտ»:
Ոստիկաններն իրենց հերթին համապատասխան միջոցներ ձեռնարկեցին և չեզոքացրին ողբերգական ավարտի հավանականությունը: Միջադեպի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ: