ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի- Sputnik. Առաջիկա ամիսներին Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի ունեցած նիստում:
«Այս շաբաթվա սկզբին փոխնախագահ Բայդենը և ես Դավոսում հանդիպել ենք Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ, որպեսզի օգնենք երաշխավորել մինսկյան համաձայնագրերի ամբողջական կատարումը: Եվ ես համոզված եմ, որ երկու կողմերի՝ խնդիրը լուծելու ջանքերի և օրինական փորձերի շնորհիվ առաջիկա ամիսներին հնարավոր է իրագործել մինսկյան համաձայնագրերը և հասնել նրան, որ պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն»,- հայտարարել է Քերին:
Պատժամիջոցները հանելու հավանականության մասին խոսել է նաև ռուսական ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը:
«Կարծիքները շատ տարբեր են, մի շարք ամերիկյան ներկայացուցիչներ կարծիք են հայտնել այն մասին, որ ամերիկյան վարչակազմը շահագրգռված է (պատժամիջոցները վերացնել- Sputnik) մինչև Օբամայի նախագահության ավարտը… Մյուսները, հակառակը, ընդգծում են, որ դրանով կզբաղվի նոր վարչակազմը»,- ասել է Կոստինը։
Ուկրաինայում իրավիճակի կարգավորմամբ զբաղվում է Մինսկի շփման խումբը, որը 2014թ.-ի սեպտեմբերից ի վեր արդեն երեք փաստաթուղթ է ընդունել, որոնք կանոնակարգում են հակամարտության թեժացումը վերացնելու քայլերը: