ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի- Sputnik. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում դեկտեմբերի 22-ին մեկնարկած դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29-ը ժամը 12։00-ն, քանի որ սպանված Ավետիսյանների դուստրերը` Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը, և փեսան` Եգոր Ադամյանը, հոգեբանորեն պատրաստ չէին խոսելու։ Մինչ այդ դեպքի մասին իրենց տեսածն ու լսածը ներկայացրին մահացած Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ռիտա Պետրոսյանը, և Ավետիսյանների հարսի` Արաքսյա Ավետիսյանի հայրը` Անդրանիկ Պողոսյանը։
Շտապօգնության աշխատակիցները չէին լքում դահլիճը։
Հիշեցնենք, որ Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։