ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Միջերկրական ծովից տեղափոխվող ուժեղ ցիկլոնի հետևանքով Հայաստանում հունվարի 23-ից 26-ը օդի ջերմաստիճանը կնվազի:
«Երևանում հունվարի 23-24-ը Արարատյան դաշտավայրում, Սյունիքում և Տավուշում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 0-2 աստիճան», — նշեց Սուրենյանը:
Հունվարի 24-ի երեկոյից հարավարևմտյան հոսանքներին կփոխարինեն հյուսիսարևմտյան հոսանքները, ինչի հետևանքով երկրի առանձին մասերում առատ ձյան տեսքով տեղումներ կգրանցվեն: Տեղումներ են սպասվում հիմնականում Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում, որոնք կուղեկցվեն ցածր հորիզոնական տեսանելիությամբ:
Հունվարի 24-27-ը երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Հունվարի 26-ին ցերեկը Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կտատանվի —4-ից —5 աստիճանի սահմանում:
«Ամենացուրտ գիշերը կլինի հունվարի 27-ին, լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի և կհասնի —26 աստիճանի, Արարատյան դաշտավայրում՝ —16-17 աստիճանի, իսկ մայրաքաղաքում —16 աստիճանի», ասաց Սուրենյանն ու հորդորեց վարորդներին այդ օրերին առավելագույն զգոնություն ցուցաբերել:
Անկախ այն հանգամանքից, որ փետրվարը խոստանում է տաք լինել, ու օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, այնուամենայնիվ, ամսվա առաջին օրերին ցուրտ կլինի: Օդի ջերմաստիճանի բարձրացում կնկատվի ամսվա երկրորդ կեսին:
Փորձագետի խոսքով՝ ձմեռը տաք էր ու անոմալիաներով հագեցած: Հունվարին չի եղել մի օր, որ օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում լինի:
Սառը և տաք ցիկլոնների բախման հետևանքով լեռնային շրջաններում արձանագրվել է ծայրահեղ ցուրտ` — 30 աստիճան, իսկ Կապանում` ռեկորդային տաքություն` +20 աստիճան։ Այս ջերմաստիճանը գերազանցել է 1959 թվականինի ռեկորդը, երբ 17 աստիճան տաքություն էր գրանցվել: