ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի տեղափոխումը «Սպարտակից» թուրքական «Բեշիքթաշ» ակումբ ճիշտ որոշում է, Sputnik Արմենիա պորտալին ասաց մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը:
«Օզբիլիսի տեղափոխությունը «Բեշիքթաշ» ճիշտ էր այնքանով, որ առկա բոլոր տարբերակների մեջ լավագույնը հենց թուրքական ակումբն ընտրելն էր: Նախ` Թուրքիայի առաջնությունը բավական լավ, բավական լուրջ առաջնություն է, որտեղ իսկապես կարելի է առաջադիմել: «Բեշիթաշը» թուրքական ֆուտբոլի ամենաճանաչված ակումբներից մեկն է, որը խաղում է եվրագավաթներում», — ասաց նա:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ առաջնության արդյունքներով` «Սպարտակը» դուրս էր մնացել եվրագավաթների ուղեգիր ապահովող տեղերից, իսկ ընթացիկ առաջնության ընթացքն էլ, փորձագետի կարծիքով, գրեթե նույնն էր խոստանում:
Ընթացիկ խաղաշրջանում Օզբիլիսը «Սպարտակի» կազմում խաղացել է 9 խաղ ու մեկ գնդակ դարպաս ուղարկել: Կիսապաշտպանը կարմիր-սպիտակների ակումբ է մտել 2013 թվականին «Կուբանից»:
Բացի այդ, փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Օզբիլիսը Սպարտակի մեկնարկային կազմում շատ հազվադեպ էր հայտնվում, և ակնհայտ էր, որ Ալենիչևը լուրջ հույսեր չէր կապում Արասի հետ:
Իսպանական «Ռայո Վալյեկանոյում» Օզբիլիսի հնարավոր ելույթը մեկնաբանելով՝ փորձագետը նշել է, որ թե՛ Թուրքիայի, և թե՛ Իսպանիայի առաջնություններում Օզբիլիսը հրաշալի հնարավորություն կունենա լավագույնս դրսևորվելու և կատարելագործվելու:
«Իսկ «Ռայո Վալյեկանոյում», գուցե, կարող է նաև դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը», — ասաց Մեհրաբյանը:
Ամեն դեպքում, նրա խոսքերով, Օզբիլիսը ընտրեց ճիշտ տարբերակ՝ միայն ու միայն ֆուտբոլ խաղալ:
«Որտեղ էլ որ մրցաշրջանի գարնանային հատվածը սկսի Արասը, ես մեր ֆուտբոլիստին ի սրտե հաջողություններ եմ մաղթում և սպասում վառ, գեղեցիկ ու արդյունավետ խաղի», — ընդգծեց Մեհրաբյանը: