Անի Լիպարիտյան, Sputnik.
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիացմունք է առաջացնում ոչ միայն հայերի, այլ նաև այլազգի ֆուտբոլասերների մոտ:
Երբ գերմանացիները լսում են, որ ինչ-որ մեկն ազգությամբ հայ է, իսկույն գովում են ֆուտբոլիստին և սկսում հարգանքով վերաբերվել հայերին:
«Մենք հյուրախաղերով Գերմանիայում էինք, և մեզ հետ նաև մի լրագրող էր եկել մեր ելույթը լուսաբանելու համար: Նրա ատամը սկսեց անսպասելի ցավել և ստիպված գնաց ատամնաբույժի մոտ, որպեսզի ուղղակի անզգայացնեն ցավը: Ատամնաբույժը, իմանալով, որ այցելուն հայ է, ուրախացավ և միանգամից սկսեց գովել Մխիթարյանին»,- Sputnik Արմենիա պորտալին պատմեց Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտ Աննան:
Արդյունքում ատամնաբույժը ոչ միայն ցավազրկեց, այլ նաև անվճար բուժեց ատամը:
Երաժիշտը պատմեց նաև, որ մեկ այլ ուղևորության ժամանակ գերմանական օդանավակայանում tax-free-ն շատ հեշտությամբ են ձևակերպել, երբ իմացել են, որ Աննան Մխիթարյանի հայրենակիցն է:
Ֆուտբոլիստի փառքը ոչ միայն նրա հեղինակությունն է բարձրացնում, այլև օգնում է հայերին տարբեր իրավիճակներում:
Երկրպագուների շնորհավորանքները
Sputnik Արմենիա պորտալը մեկտեղել է անվանի ֆուտբոլիստին ուղղված շնորհավորանքները, որոնք հրապարակվել են տարբեր սոցիալական ցանցերում՝ Facebook, Twitter, Вконтакте: Borussia Dortmund-ի պաշտոնական խմբի էջում շնորհավորանքների տարափ է տեղում:
«Փոփոխությունները միշտ լավը լինեն, ամեն ինչի համար ժամանակ և ուժ մնա, և կյանքում անփոփոխ մնա «Եկա, տեսա, հաղթեցի» օրենքը»,- Հենրիխին շնորհավորել է Facebook-ի օգտատերերից մեկը՝ Մանուշակ Չիլինգարյանը:
«Միշտ առողջ եղիր, շատ գոլեր խփիր: Մաղթում եմ, որ հանդես գաս Չեմպիոնների լիգայում»,- գրել է Թոմաս Բան (Thomas Ba):
«Լավագույնն ես: Մենք սիրում ենք քեզ, մեր հպարտություն»,- գրել է Նարե Գալստյանը:
Արժանի մրցակից
Մխիթարյանը 2015թ.-ի արդյունքում վեցերորդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Բացի այդ, ֆուտբոլիստը 17-րդ տեղն է զբաղեցրել Sky Sports-ի կազմած հարյուր լավագույն ֆուտբոլիստների վարկանիշում:
«Նա աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է»,- Մխիթարյանի մասին ասել է անգլիական «Լիվերպուլ» ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Թոմաս Տուխելը հիացած է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղով:
«Նման ֆուտբոլիստը իսկական երազանք է: Նրան մարզելուց հաճույք եմ ստանում: Ամեն օր ես ինչ-որ նոր բան եմ սովորում նրանից: Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, և նրա պոտենցիալը դեռ մինչև վերջ չի բացահայտվել: Բացի այդ, նա յուրահատուկ, խելացի, նրբազգաց մարդ է»,- նշել է Տուխելը:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նույնպես մեծ հույսեր է կապում ֆուտբոլիստի հետ: «Հենրիխ Մխիթարյանը առաջնորդ է, և թիմում ոչ միայն առաջատար խաղացող է, այլ նաև` կոլեկտիվի հոգին»,- ասել է նա:
Sputnik Արմենիան միանում է բոլոր շնորհավորանքներին և սիրված ֆուտբոլիստին նորանոր հաղթանակներ ու բազում գոլեր մաղթում։