Արման Վանեսքեհյան, Sputnik.
Իրավիճակը հատկապես լարված է Դիարբեքիրում՝ հին հայկական Տիգրանակերտում: Այստեղ արդեն շուրջ 50 օր է՝ պարետային ժամ է գործում:
«Քաղաքում բարդ իրավիճակ էր տիրում: Մշտական ռազմական գործողություններ, փողոցային մարտեր: Քաղաքի փողոցներում սպանվածների մարմիններ էին ընկած: Երկրի իշխանությունը քաղաքներում և գյուղերում լիազորություններից զրկել է գործադիր իշխանության ավելի քան 45 ներկայացուցիչի»,- պատմում է Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանում «Արևտմահայոց ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը: Նա մի քանի օր առաջ է վերադարձել Թուրքիայից:
Վերջին օրերին քաղաքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Դիարբեքիրի բնակչությունն ուղղակի չի կարողանում փողոցներից հավաքել դիակները և մուսուլմանական կրոնի կանոնների համաձայն հողին հանձնել նրանց:
Եվ միայն այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության պատգամավորների համատեղ նիստում, որը կազմակերպել է Դիարբեքիրի գործարարների ասոցիացիան, հաջողվել է հասնել նրան, որ պարետային ժամը մի քանի ժամով հանվել է մահացածներին հուղարկավորելու համար:
Ասոցիացիայի նախագահ Բուրչ Բայսալը Sputnik-ին տված հարցազրույցում պատմեց, որ ասոցիացիայի նիստին հրավիրել են երկու կուսակցության ներկայացուցիչներին, որպեսզի ընդգծեն վճռական գործողությունների անհրաժեշտությունը, ինչը կարևոր է տարածաշրջանում ստեղծված արտակարգ իրավիճակից դուրս գալու համար:
«Մենք ընդգծեցինք, թե ինչ սարսափելի իրավիճակ է ստեղծվել, երբ խաղաղ բնակիչների դիակները գրեթե 20 օր ընկած են մնացել բնակավայրերի փողոցներում: Նահանգապետն ու ՆԳՆ-ի ղեկավարությունը պատրաստ են միջոցներ ձեռնարկել այդ խնդիրը լուծելու համար: Նահանգապետն ասաց, որ եթե քաղաքային նախաձեռնության տարածաշրջանային կազմակերպությունները դիմեն համապատասխան հարցումով, կարելի է պարետային ժամը մի քանի ժամով չեղյալ հայտարարել, որպեսզի հեռացնեն մահացածների մարմինները և հուղարկավորեն նրանց»,- ասաց Բայսալը:
Եվ ստացվել է այնպես, որ հայկական Տիգրանակերտի գլխին, որը հայերի արտաքսումից հետո թուրքական իշխանությունները Դիարբեքիր են վերանվանել, հարյուրամյա վաղեմության իրադարձությունների սև ամպերն են կուտակվել՝ 1915թ.-ի ցեղասպանության ստվերը, վտանգի ստվերը, որն այս անգամ սպառնում է քուրդ բնակչությանը: