ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի-Sputnik, Գոհար Սարգսյան. Պարզվում է`հղիները չեն պատվաստվում, որովհետև հասարակության շրջանում կա տարածված մի կարծրատիպ, թե պատվաստանյութը կարող է բացասաբար անդրադառնալ պտղի վրա։ Առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հորդորում է հղիներին պատվաստվել, որովհետև նրանք խոցելի խումբ են ներկայացնում։
«Գրիպի պատվաստանյութը լիովին անվնաս է: Ցավոք, հղիների շրջանում ոչ ոք չի ցանկանում պատվաստվել: Մենք բոլոր խոցելի խմբերին խորհուրդ ենք տալիս պատվաստվել, բայց դա կատարվում է կամավոր սկզբունքով: Ծերանոցներում ու մանկատներում գրեթե բոլորը պատվաստվել են»,-ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Խոցելի խմբերի մեջ են մտնում նաև բուժաշխատողները, որոնց մեծ մասը պատվաստվել է: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կան բուժաշխատողներ, որոնք չեն պատվաստվում ու պոլիկլինիկա այցելողներին էլ խորհուրդ են տալիս չպատվաստվել՝ դրանք համարելով անարդյունավետ:
«Այդ պատվաստանյութը չի էլ օգնում: Մարդկանց գիտեմ, ովքեր պատվաստվել են, բայց հետո` հիվանդացել»,-ասաց պոլիկլինիկաներից մեկի մանկաբույժը:
Գայանե Սահակյանը խնդրի մասին տեղյակ է, բայց դա համարում է իրազեկված չլինելու արդյունք: Զրուցակցի խոսքով՝ ինքն ու իր ընտանիքի անդամները՝ բոլորը պատվաստվել են ու «բարեբախտաբար մինչ օրս չեն հիվանդացել»:
Սահակյանը արժևորեց նաև պլանային պատվաստումները և նշեց, որ պատվաստումների շնորհիվ այսօր շատ հիվանդություններ Հայաստանում տարածում չունեն:
«Հայաստանում պատվաստումների ենթակա երեխաների 92 տոկոսից ավելին ստանում է անհրաժեշտ պատվաստումները: Իսկ դա հասցրել է նրան, որ մեզ մոտ կարմրուկ ու կարմրախտ, խոզուկ, դիֆթերիա, փայտացում, պոլիոմելիտ գրեթե չեն հանդիպում»,-պատմեց Գայանե Սահակյանը:
Չնայած եղել են դեպքեր, երբ արտասահմանում ապրող ու այնտեղ վարակված մարդիկ եկել են Հայաստան, և հենց մեզ մոտ են դրսևորվել կլինիկական ախտանշանները: Նման դեպքերի թիվը 2015 թվականին 33-ն է եղել:
«Վերջերս ցավալի դեպք պատահեց: 4 տարեկան երեխան, որն առողջական խնդիրների պատճառով նախկինում պատվաստում չէր ստացել, կարմրուկով վարակված եկել էր Հայաստան: Հետո ապաքինվել էր, բայց 3 ամիս հետո սարսափելի բարդություն էր առաջացել: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»,-պատմեց Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ նման բարդություններ առաջանում են, բայց հազվադեպ: Նման բարդություն կարող է առաջանալ անգամ հիվանդանալուց 10 տարի հետո:
«Վիրուսը քնած վիճակում մնում է ուղեղի բջիջներում, հետո մի օր ակտիվանում է ու անդառնալի բարդություններ առաջացնում:
Նման օրինակներն իմունականխարգելման ծրագրի ղեկավարը ներկայացնում է, որպեսզի ցույց տա պատվաստումների կենսական նշանակությունը։
Արդեն գիտականորեն ապացուցված է, որ երբ մարդը հիվանդանում է այդ վիրուսներով, իմունիտետի համար պատասխանատու բջիջները մահանում են: 2 տարի է պահանջվում, որ դրանք վերականգնվեն: Իսկ դա նշանակում է, որ այդ 2 տարվա ընթացքում մարդը խոցելի է դառնում տարբեր վիրուսների նկատմամբ: