ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Հայկական դեսպանատների ու այլ դիվանագիտական ներկայացուցչությունների կայքերն ամբողջ աշխարհում ենթարկվել են ադրբեջանական հաքերների զանգվածային հարձակմանը, հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում:
«Սա առաջին լուրջ հարձակումն է ՀՀ պետական ցանցի հատվածի վրա 2009 թվականի սեպտեմբերից», — նշում է Մարտիրոսյանը։
Փորձագետն իր էջում տեղադրել է ամբողջ աշխարհում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների ավելի քան 50 «կոտրված» կայքերի ցուցակ: Ցուցակում են նաև Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հայկական մշտական ներկայացուցչությունների կայքերը:
«Ադրբեջանցի հաքերները շարունակում են հունվարի 20-֊ին նվիրված գործողությունները։ Այս պահին ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են, փաստացի այս պահին ոչ մի դեսպանատան կայք չի աշխատում», — գրել է նա։
Մարտիրոսյանը նաև հայտնել է, որ հայկական կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական մեծ բլոգային պլատֆորմ և հրապարակել 16 հազար օգտատերերի տվյալները:
