ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի- Sputnik. Տեղեկությունն այն մասին, որ Հայաստանում սուր շնչառական վարակի և H1N1-ի տարածումը կապված է Վրաստանում Ռիչարդ Լուգարի առողջապահության հասարակական հետազոտական կենտրոնի հետ, չի համապատասխանում իրականությանը, կարծում է Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն, հաղորդում է Sputnik Գրուզիան:
Հայաստանում սուր շնչառական վարակների և H1N1-ի ակտիվացումը որոշ հայ փորձագետներ կապում են հարևան Վրաստանում գործող ամերիկյան գիտնական Լուգարի անվան լաբորատորիայի հետ: Նրանց կասկածները հիմնված են ավելի վաղ տարածված տեղեկատվության վրա, որի համաձայն` այդ լաբորատորիայում ստեղծվում է կենսաբանական զենք և մարդկանց ու կենդանիների վրա վտանգավոր գիտափորձեր են անցկացվում: Իմնաձեի խոսքով՝ Հայաստանում գրիպի տարածումն ավելի շուտ է սկսվել, քան Վրաստանում:
«Դա Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից հավատարմագրված լաբորատորիա է, որը մշտապես ստուգում են, պատվիրակություններ են այցելում ԱՀԿ-ից»,- ասել է Իմնաձեն:
Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնը գործում է Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ալեքսեևկա գյուղում, Վրաստանի ՊՆ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրված «Կենսաբանական զենքի զարգացման հետ կապված տեխնոլոգիաների ու ախտածին նյութերի ոլորտում համագործակցության ու այդ ոլորտում տեղեկատվության գաղտնիության մասին» համաձայնագրի հիման վրա։ Լաբորատորիան, որը բացվել է 2011թ.-ին, ստեղծվել է բնակչության և կենդանիների շրջանում հատկապես վտանգավոր վարակները նկատելու, ինչպես նաև համաճարակաբանական հսկողություն ու գիտական հետազոտություններ իրականացնելու համար: