ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Վալերի Պերմյակովի նկատմամբ արտագնա երկրորդ դատական նիստը սկսվեց 20 րոպե ուշացումով, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից:
Երբ դահլիճ բերվեց Պերմյակովը, Ավետիսյանների հարազատները փորձեցին հարձակվել նրա վրա և հարվածել, սակայն կարգադրիչներին հաջողվեց հետ պահել նրանց։
Ի դեպ, ի տարբերություն մեկ ամիս առաջ տեղի ունեցած առաջին նիստի` այս անգամ Պերմյակովին դահլիճ բերեցին հայ կարգադրիչները և ոստիկանները։ Նիստը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։