Գոհար Սարգսյան, Sputnik
Դահուկասպորտի հայրենիքից՝ Նորվեգիայից Հայաստան են ժամանել մարզիչներ, ովքեր հայ դահուկորդներին կսովորեցնեն սպորտի նրբությունները և գուցե նաև հաղթանակի ճանապարհները:
Նորվեգացի մարզիչ Բրիտ Բալդիշոլը Հայաստան գալուն պես հասկացավ, որ մտել է շախմատի երկիր, որտեղ կան ոլորտի գերհսկաներ, բայց նկատեց նաև դահուկասպորտի զարգացման միտումներ:
«Ես մեծ հնարավորություններ տեսա զարգացնելու դահուկավազքը Հայաստանում: Ես հույս ունեմ, որ Նորվեգիայի ազգային դահուկային սպորտի ֆեդերացիան կօգնի հայաստանյան իր գործընկերոջը` դառնալու դահուկային աշխարհի մի մաս»,-ասաց Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի զարգացման ղեկավար Բրիտ Բալդիշոլը:
Դահուկասպորտը չափազանց զարգացած է Նորվեգիայում, և դա պատահական չէ։ Առաջին դահուկը ստեղծվել է Նորվեգիայում. դեռևս քարե դարից մնացած արձանագրություններում մարդիկ պատկերված են դահուկների վրա, որոնք օգնում էին տեղաշարժվել ձյան վրայով։ 17-րդ դարում նորվեգական բանակը պատերազմ էր գնում հենց դահուկներով: Միայն 19-րդ դարում դահուկը մտավ սպորտի ասպարեզ: Մեր օրերում նորվեգացիները չեմպիոններ են, և Բրիտ Բալդիշոլը ներկայացնում է չեմպիոնության գաղտնիքը:
«Նորվեգիայում երեխաները փոքր տարիքից են սկսում մարզումները: Նրանք հաճախում են դահուկասպորտի ակումբներ, որոնք մեր երկրում 1150-ն են: 19-20 տարեկանում էլ մտնում են ֆեդերացիա: Մի կարևոր հանգամանք էլ նշեմ. Նորվեգիայի ակումբային համակարգը տարբեր է հայաստանյանից: Մեզ մոտ ինչպես մարզիչները, այնպես էլ մարզվող երեխաների ծնողների մեծամասնությունն աշխատում են որպես կամավորներ: Այնպես որ անհրաժեշտություն չկա, որպեսզի պետությունը շատ մեծ ներդրումներ անի»,-ասում է Բրիտ Բալդիշոլը:
Նորվեգացի մարզիչը հավելում է նաև, որ իր երկրում դահուկասպորտը դարձել է նաև քաղաքացիների առօրյան:
Հայաստանի դահուկային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը մեծ գոհունակությամբ է նշում, որ Հայաստանում դահուկասպորտի ակտիվացման շարժ է նկատվում: Այս օրերին Ծաղկաձորում սպորտային իրադարձությունները հաջորդելու են մեկը մյուսին:
«Զարգացող դահուկային ֆեդերացիաների դահուկավազքի գավաթի առաջնությանը զուգահեռ հունվարի 22-23-ին անցկացվելու է նաև դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Այն ընթանալու է Ծաղկաձորի նախկին մարզադաշտի տարածքում»,-ասում է Սարգսյանը:
Հավելենք, որ դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին օրը մարզիկները մրցելու են ազատ ոճում, հետո` դասական, իսկ վերջին օրն ընթանալու են արագավազքի մրցումները:
Դահուկասպորտի սիրահարները բացառիկ հնարավորություն կունենան Ծաղկաձորում մասնակից դառնալ սպորտային իրարանցմանը: