ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ հունվարի 14-ին, ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը:
Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար:
Գառնիկ Մարգարյանը 2003 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու։
Հիշեցնենք, որ Երևանում բացահայտված զինված խմբի գործով ձերբակալվել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը։
Ազգային անվտանգության ծառայությունը ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբին վնասազերծել էր Երևանում նոյեմբերի 25-ին: ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում՝ զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանն էին եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել էին:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: