ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը 2016 թվականի ռուսական ամենասպասված ֆիլմերի իննյակում է: Վարկանիշը կազմել է Ruposters Life-ը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով 2016 թվականը հայտարարվել է ռուսական կինոյի տարի։ Նշանակում է, որ ժամանակն է մոռանալ արևմտյան սերիալների մասին ու կարևորել սեփական արտադրությանը, առավել ևս, որ մոտակա ամիսներին հայրենական հանդիսատեսը կարող է մի քանի մասշտաբային ու հետաքրքրաշարժ պրեմիերաներ դիտել», — գրում է պարբերականը:
Վարկանիշում ներառվել են «Ընտրության օր 2», «Անձնակազմ», «Մենամարտիկ», «Սառցահատ», «Մաթիլդա», «Առաջինների ժամանակը», «Վիկինգ», «Վի 2. Ճանապարհորդություն դեպի Չինաստան» ֆիլմերը:
Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի ողբերգական իրադարձությունների մասին, երբ Հայաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով 25 հազար մարդ զոհվեց, իսկ որոշ քաղաքներ ընդհանրապես ավերվեցին: Ֆիլմի բյուջեն կազմել է 175 միլիոն ռուբլի: Գլխավոր հերոսը, որին մարմնավորել է Կոնստանտին Լավրոնենկոն, Լենինականի փրկված բնակիչներից մեկն է: Նա ամեն ջանք գործադրում է, որպեսզի մարդկանց դուրս բերի փլատակների տակից և օգնի տուժածներին։