ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է այն մասին, թե 2016 թվականը Թուրքիային ու այդ երկրի նախագահին ինչպիսի մարտահրավերների առաջ կկանգնեցնի՝ հաշվի առնելով 2015 թվականի արկածախնդրությունները:
Ըստ նրա՝ տարածաշրջանային քաղաքականության, արտաքին քաղաքականության ոլորտի նախորդ տարվա գործընթացները ցույց տվեցին Թուրքիայի իշխանությունների անհուսալիությունը նաև իր դաշնակիցների նկատմամբ:
«Խոսքը վերաբերում է նաև ԱՄՆ-ին, քանի որ Թուրքիան իր տարածաշրջանային պահվածքով, իր քաղաքականությամբ նաև շատ դեպքերում կարծես որոշակիորեն հակադրվում էր Միացյալ Նահանգներին և այնպիսի գործողությունների, քայլերի էր դիմում, որոնք չէին տեղավորվում այդ դաշնակցային հարաբերությունների համատեքստում»,- ասաց Հովսեփյանը:
Փորձագետն առանձնացնում է բավական սերտ առևտրատնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունների գերլարման և թուրք-իրանական հարաբերությունների վատթարացման փաստերը:
«Թուրքիան տարածաշրջանային իր արկածախնդիր քաղաքականությամբ ու պահվածքով ստեղծել է մի իրավիճակ, որ իր տարածաշրջանային գործընկերները, հարևաններն ու նույնիսկ դաշնակիցները որոշակի վերապահումներով են մոտենում Թուրքիային: Սա ակնհայտ է»,- ասում է Հովսեփյանը:
Հարց է առաջանում՝ արդյո՞ք Թուրքիայի դաշնակիցները կարող են փոխել իրենց մոտեցումները և, օրինակ, հանդես գալ քրդերի կողմից կամ պաշտպանել Ռուսաստանին:
«Ես այդպես չէի ասի, սակայն դաշնակիցները որոշակի զսպող մեխանիզմներ կիրառում են Թուրքիայի հանդեպ, հատկապես, երբ Թուրքիան այդ դաշնակցային հարաբերությունների տրամաբանությանը հակառակ գործողությունների է դիմում»,- ասաց թուրքագետը:
Անդրադառնալով Թուրքիայի ներքին խնդիրներին և թուրք-քրդական հակամարտության գոտում արդեն 300 մարդու զոհվելու փաստին՝ Հովսեփյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա վերջում քրդամեդ քաղաքական ուժը հայտարարեց ինքնավարության մասին:
«Սա նորություն չէր, և դեռ 2011 թվականին քրդական քաղաքական ուժերը գնացին այդ ճանապարհով և տեղական ինքնավար մարմիններ հռչակեցին: Հիմա ունենք նույն պատկերը: Կարծում եմ՝ մի կողմից այս ներքաղաքական լարվածությունը կշարունակվի ռազմական ուղղությամբ. Թուրքիայի քաղաքական իշխանությունները հակված են քրդական խնդիրը զենքի ուժով լուծել: Բայց կարծում եմ՝ այս հարցում լարվածությունը կշարունակվի և ամեն ինչ կախված կլինի ներքաղաքական գործընթացների տրամաբանությունից: Կարծում եմ՝ այս ակտիվացումները քրդերը կողմից սահմանադրական ինչ-ինչ ամրագրումներ ստանալու փորձ է, և որքան մոտենա սահմանադրական գործընթացը, այնքան խնդիրներն ավելի պարզ կձևակերպվեն»,- ասում է Հովսեփյանը:
Թուրքագետն ընդունում է, որ այս պահին Թուրքիայի իշխող կուսակցության դիրքերը բավական ամուր են, սակայն հնարավոր չի համարում, որ 2016 թվականին նախատեսված սահմանադրական գործընթացները կարող են թուլացնել երկրի նախագահ Էրդողանի կուսակցության դիրքերը:
«Էրդողանի վստահությունը բխում է նոյեմբերի մեկին կայացած ընտրությունների արդյունքներից, և կապ չունի, թե ինչպես են ստացվել այդ քվեները: Մինչև 2019 թվականը Թուրքիայում ընտրություններ չեն լինելու, և իշխանությունները լեգիտիմության խնդիր չունեն: Սակայն կան տարածաշրջանային ռազմաքաղաքական այնպիսի խնդիրներ, որոնք Թուրքիայի համար լուրջ խնդիրներ կստեղծեն, և երկիրն ավելի կընկղմվի այդ խնդիրների մեջ: Մյուսը սահմանադրական բարեփոխումներն են, և իշխանությունը բավական լուրջ է տրամադրված դրանց, ուստի կարծում եմ՝ բացի քրդական խնդրից, Թուրքիայի ներքաղաքական օրակարգի կաևորագույն հարցերից մեկն էլ կլինի սա: Չեմ կարծում, որ տարվա ընթացքում իշխանությունների դիրքերը կթուլանան, սակայն մի բան հաստատ է՝ ինչպես քաղաքական իշխանության, այնպես էլ ընդհանրապես Թուրքիայի համար 2016 թվականը բարդ տարի է լինելու»,- ընդգծում է Հովսեփյանը:
Փորձագետն անդրադառնում է նաև ռուս-թուրքական հիմնախնդրին:
«Կարծում եմ այն միտումները, որոնք առկա են այս ձևաչափով, կշարունակվեն: Չեմ էլ հավատում, որ կողմերի դիրքորոշումները գոնե որոշակիորեն կմոտենան: Սակայն կարծում եմ՝ այս տարի կողմերը գոնե կսկսեն լատենտային շփումներն ու քննարկումները, որովհետև այն իրավիճակը, որը ստեղծվել է, բացասական է ազդում թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի վրա: Բայց դրական ուղղությամբ փոփոխություններ չեմ ակնկալում»,- եզրափակեց թուրքագետը: