Պոլ Գոգեն. 300 մլն դոլար
2015թ.-ի ամենաթանկ կտավը դարձել է Պոլ Գոգենի «Հարսանիքը երբ է» ստեղծագործությունը: Կտավի նախկին տիրոջ՝ շվեյցարացի կոլեկցիոներ Ռուդոլֆ Շտեխելինի և Qatar Museums պետական կազմակերպության միջև կնքված գործարքի մասին հայտնի է դարձել 2015թ.-ի փետրվարին: Գնման ճշգրիտ թիվը չի նշվել, բայց լավատեղյակ աղբյուրները հայտնել են, որ կտավը վաճառվել է մոտ 300 մլն դոլարով:
«Հարսանիքը երբ է» նկարը Գոգենը նկարել է 1892թ.-ին Թաիթիում: Կտավում նկարիչը պատկերել է երկու բնիկ աղջկա, որոնցից մեկի՝ 13-ամյա Տեխաամանայի հետ էլ ավելի ուշ ամուսնացել է հենց Գոգենը:
Պաբլո Պիկասո. 179,4 մլն դոլար
Պիկասոյի «Ալժիրյան կանայք» (Տարբերակ Օ) կտավը, որը վաճառվել է մայիսի 11-ին Christie's-ում, նույնպես ռեկորդ է սահմանել: Նկարը դարձել է արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որը երբևէ վաճառվել է աճուրդի ժամանակ: Գնորդը՝ Քաթարի նախկին վարչապետ Համադ բեն Ջասիմ բեն Ջաբեր Ալ Թանին, «կանանց» համար վճարել է 179,4 մլն դոլար: Սակայն պետք է նշել, որ այդքան գումար վճարելուց ու նկարի սեփականատերը դառնալուց հետո նա չի կարող ցուցադրել նկարը սեփական երկրում. Քաթարում խստորեն արգելված է մերկ մարմնի ցուցադրությունը:
«Տարբերակ Օ»-ն «Ալժիրյան կանայք» շարքի վերջին նկարն է, որի մեջ ընդգրկվել է 15 կտավ. Պիկասոն դրանցից յուրաքանչյուրը նշել է А-ից Օ տառերով:
Ամադեո Մոդիլյանի. 71 մլն դոլար
Ամադեո Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» կտավն աճուրդում ամենաթանկ գնով վաճառված երկրորդ կտավն է: Մոդիլյանիի նկարը վաճառվել է նոյեմբերին Christie's աճուրդում 170,4 մլն դոլարով: Մինչ այդ նկարչի ամենաթանկ կտավը վաճառվել էր 71 մլն դոլարով:
Նկարը գնել է չինացի միլիարդատեր Լյու Իցյանը, որի կարողությունը Forbes-ը գնահատում է 1,4 մլրդ դոլար: Նախկինում Իցյանը տաքսիստ է եղել, բայց կարողացել է հարստանալ ֆինանսական գործարքների շնորհիվ:
Մոդիլյանին կտավը նկարել է 1918թ.-ին ընկերոջ՝ Լեոպոլդ Զբորովսկու պատվերով: Նկարիչը մերկ կնոջ էությունը պատկերող ստեղծագործությունների մի ամբողջ շարք ունի:
Ռոյ Լիխտենշտեյն. 95,3 մլն դոլար
Ռոյ Լիխտենշտեյնի «Բուժքույրը» կտավն անձնական ռեկորդ է սահմանել փոփ-արտի վառ ներկայացուցչի համար (95,3 մլն դոլար). մինչ այդ նրա ոչ մի աշխատանքն այդքան բարձր գնով չի վաճառվել:
Նկարիչն իր աշխատանքները (այդ թվում՝ «Բուժքույրը») ստեղծել է պատկերապատումների հիման վրա:
Կտավը ցուցադրվել է Լիխտենշտեյնի անհատական ցուցահանդեսներում Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանում և Բեռլինի Նոր ազգային պատկերասրահում:
Մարկ Ռոտկո. 81,9 մլն դոլար
Մարկ Ռոտկոն ռուսական արմատներ ունի, նա «Համար 10» կտավը նկարել է 1958թ.-ին: Նկարիչը սկսել է ավանդական ժանրերից ու նկարել բնապատկերներ, դիմանկարներ ու քաղաքային տեսարաններ: Բայց 20-րդ դարի 50-ական թթ.-ից անցել է աբստրակտ էքսպրեսիոնիզմի, և առարկաների փոխարեն նկարել գունային հարթություններ: Ռոտկոն անուններ չի տվել իր աշխատանքներին՝ դրանք համարակալելով, որպեսզի կոնկրետությունից անցնի մաքուր զգացմունքների: «Համար 10»-ը Christie's-ում վաճառվել է 81,9 մլն դոլարով: