ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Առատ ձյան ու անանցանելի ճանապարհների վերլուծությունը կատարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ամեն Երիցյանը: Նախարարի խոսքով` դեկտեմբերի 31-ից հանրապետության տարբեր շրջաններում տեղացած ձյան շերտը կազմել է 50 սմ —1.20 մ: Ընդհանուր առմամբ փակվել է 109 ճանապարհ:
Արմեն Երիցյանը հավաստիացրել է որ օպերատիվորեն մշակել ու մաքրել են ճանապարհները: ՏԿԱԻՆ-ի փրկարար ծառայության գործողությունների արդյունքում էլ ձյան տակ մնացած ավտոմեքենաներից դուրս է բերվել ավելի քան 800 մարդ:
Արմեն Երիցյանը նշել է,որ հանրապետության բոլոր ճանապարհները հիմնականում բաց են, կան դժվարանցանելի ճանապարհներ, որտեղ ևս կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասել է, որ իր ղեկավարած կառույցը ուժեղացված հսկողություն է իրականացրել սոցիալական նշանակություն ունեցող 20 տեսակի ապրանքների գների նկատմամբ: Շաբոյանի գնահատմամբ ` շուկան կայուն է, և գները հիմնականում չեն բարձրացել:
Ավելին՝ նախորդ տարվա համեմատ 2015-ի դեկտեմբերին և 2016-ի հունվարի սկզբին գրեթե բոլոր ապրանքատեսակների գները նվազել են: Օրինակ, ըստ Արտակ Շաբոյանի, ձվի և ալյուրի գինը նվազել է 30- 40 տոկոսով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ եկել էր բարի լուրով: Այսօրվանից` հունվարի 4-ից, սկսել են վճարել կենսաթոշակները: Վճարման գործընթացը կշարունակվի հունվարի 5-ին, այնուհետև հունվարի 8-ից:
Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն ամփոփել է խորհրդակցությունը և ընդգծել, որ պետք է շարունակել տնտեսությունն առաջ մղող քայլերը և համոզմունք հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ հաջողություններ կարձանագրվեն: