ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Ամանորի արձակուրդներին մեր հայրենակիցները նախընտրում են մեկնել Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հունաստան, Իսպանիա և ծովափնյա այլ երկրներ:
«Հայերը շարունակում են մեկնել Եգիպտոս, քանի որ այնտեղ կարելի է հասնել մատչելի գնով ու անցկացնել նույնքան մատչելի հանգիստ»,- ասում է տուրիստական գործակալության աշխատակից Վարսենիկ Տերտերյանը:
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշում է ԱՄԷ-ն և հարևան Վրաստանը։
«Դուբայում գները ֆիքսված են` մեկ անձի համար 1000-1500 դոլար` ներառյալ նախաճաշը: Իսկ ավելի մատչելի գնով այցելում են հարևան Վրաստան»,- ասում է Ապրեսյանը:
Իսկ Հայաստանում հանգստի հիմնական վայրերն են Ծաղկաձորը, Դիլիջանը, Ստեփանավանը և Ջերմուկը:
Ծաղկաձորում տոներից մի քանի ամիս շուտ է պետք ամրագրել տեղերը, հակառակ դեպքում ամենահասարակից մինչև ամենաշքեղ հյուրանոցներում և հանգստյան տներում վերջին օրերին ասեղ գցելու տեղ չի լինում: Իսկ եթե տեղը գտնում ես, մնում է միջին վիճակագրական հանգստացողի համար աստղաբաշխական գումար վճարելը: Հենց այդ հանգամանքն են նժարի վրա դնում ներգնա և արտագնա ուղևորությունը համեմատող մարդիկ, ու նժարը թեքվում է դեպի երկրորդ տարբերակը:
Ասվածը հաստատում են զբոսաշրջային գործակալությունների աշխատակիցները: Օրինակ` Դուբայում հանգիստը նախընտրող հայերն այնքան շատ են, որ հավելյալ թռիչքներ են իրականացվում:
Միաժամանակ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստանի ճամփան բռնողներ էլ կան: Նրանք ամռանը լեռնային ճանապարհներ որոնող հեծանվորդներն են, իսկ ձմռանը` արկածախնդիր դահուկորդները: