Անի Լիպարիտյան, Sputnik.
Երբ այս տարի առաջին անգամ ձյուն եկավ, այդ օրը հանդիպեցի տաքսու վարորդ Քաջիկին, ու նա ինձ ցույց տվեց որդու նամակը, որը փոքրիկը հասցեագրել էր Ձմեռ պապին. «Տղայիս խոստացել եմ, որ կտամ Ձմեռ պապին: Այս անգամ դու եղիր Ձմեռ պապ: Թող քեզ մոտ մնա»,- ասաց նա ու աչքով արեց՝ հասկացնելով, որ նվեր «կազմակերպեմ» տղայի համար:
Նամակում յոթ տարեկան Ռաֆիկը «պուլտով» մեքենա էր ուզում Ձմեռ պապից: Որոշվեց՝ պետք է շնորհավորել տղային:
Ռաֆիկը կարծես չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Զգացվում էր, որ հաստատ սպասել է այդ նվերին ու համոզված է եղել, որ ստանալու է բաղձալի մեքենան: Ամենահետաքրքիրն այն է, որ Ռաֆիկի հայրը շատ ուրախ, շփվող ու ժպտերես մարդ է, իսկ որդին, հակառակը, ամաչկոտ ու լուրջ:
Ձմեռային արկածներ
Sputnik Արմենիա պորտալի թղթակիցները շատ երկար ու դժվար հասան Եղվարդ: Ձյունածածկ ու մառախլապատ ճանապարհով մի կերպ հասանք Եղվարդ, բայց փողոցը, որտեղ ապրում էր մեր հերոսը, հանուն որի մենք հաղթահարել էինք այդ ճանապարհը, դժվար էր գտնել: Մեր ունեցած հասցեն փակուղի էր տանում: Հետո մի տղամարդ օգնեց մեզ.
Անակնալ
Հասանք: Դուռը թակեցինք: Մի րոպե դադարից հետո դռան հետևում լսվեցին երեխաների բարձր ձայները: Երկչոտ ձայնը հարցրեց՝ ո՞վ է: Չէինք հասցրել պատասխանել, դուռը բացվեց:
Տղան զարմացած նայեց Sputnik Արմենիայի թղթակիցներին ու թաքվնեց: Մոտեցավ մայրը: Շատ զարմացավ, բայց ժպտաց ու ներս հրավիրեց:
— Օ՜յ, ինչ լա՜վ է: Ոչ ոք չի հավատա, որ եկել եք որդուս շնորհավորելու,- ասաց Ռաֆիկի մայրը:
Ինչպես պարզվեց, տղան երկու քույր ունի՝ ամաչկոտ ու ժպտերես: 11-ամյա Սյուզաննան և 9-ամյա Սաթենիկը վառարանի մոտ նստած ուսումնասիրում էին եղբոր նվերը:
Վերջում Ռաֆիկը խախտեց լռությունը և նույնիսկ ձմռան մասին բանաստեղծություն արտասանեց: Իսկ մենք հանգիստ սրտով վերադարձանք Երևան: