Լաուրա Սարգսյան. Sputnik.
Յուրաքանչյուր մարդ` անկախ տարիքից, հավատում է, որ Ամանորի գիշերը հրաշքներ են լինելու։ Մարդիկ գիտակցաբար կամ ենթագիտակցաբար հավատում են, որ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցնեն տարվա մնացած օրերը։
Անահիտ Հովհաննիսյանն աշխատում է հացի փռում և վաղուց արդեն հրաշքների չի հավատում. տարիներ շարունակ նա դեկտեմբերի 31-ի գիշերն անցկացնում է փռում։
«Լինում է, որ աշխատանքի ընթացքում ընդհանրապես մոռանում ես, որ 00։00-ին հնչում են զանգերը, չէ՞ որ մինչև ուշ գիշեր մարդիկ հերթ են կանգնում լավաշ գնելու համար»,- նշում է Հովհաննիսյանը և ժպիտով ավելացնում, որ գուցե հենց այդ պատճառով է, որ այս տարի նույնպես հերթապահելու է։
Մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկի հսկիչը` Դավիթ Աղաբեկյանը, ասում է, որ այս տարի նա առաջին անգամ Ամանորը պետք է դիմավորի աշխատավայրում։
«Տխրում եմ այդ մտքից, որովհետև երկու ամիս առաջ եմ ամուսնացել, և կնոջս հետ որոշել էինք մեր առաջին համատեղ սիրելի տոնն անսովոր անցկացնել»,- ասում է նա։
Սուպերմարկետի մենեջեր Իրինա Պողոսյանն արդեն հինգերորդ անգամ առանց ընտանիքի է դիմավորելու տոնը, քանի որ աշխատում է մինչև դեկտեմբերի 31-ը։ «Հիշում եմ, երբ առաջին անգամ ամուսնուս ասացի, որ Ամանորի գիշերը պետք է աշխատեմ, բարկացավ, ու մենք վիճեցինք։ Սկզբում աշխատավայրում ասել էին, որ մինչև 19։00-ն բոլորը տուն կգնան։ Շատ էի նեղվել, լացս գալիս էր, բայց ստիպված էի բոլորին ժպտալ։ Թաքուն նախանձում էի տուն գնացող հաճախորդներին։ Այդ օրը կեսգիշերից 5 րոպե առաջ հանկարծ տեսա ամուսնուս` ծաղկեփունջը ձեռքին. եկել էր ինձ հետ դիմավորելու Ամանորը»։
Նման պատմությունները շատ են։ Մեր այն հարցին, թե դժվա՞ր է արդյոք աշխատել դեկտեմբերի 31-ի գիշերը, ոմանք ասում են, որ այս երկրում այլ կերպ լինել չի կարող։ Ոմանք էլ փորձում են դրա մեջ դրական նոտա գտնել ու ասում են, որ «այդ գիշերը լավ կոլեկտիվի հետ անցկացնելը շատ էլ հաճելի է»։
Նատալյա Հակոբյանն աշխատում է Երևանի հիվանդանոցներից մեկում։ Արդեն 10 անգամ հերթապահել է կա՛մ դեկտեմբերի 31-ին, կա՛մ հունվարի առաջին օրերին։ Նա հանգիստ է վերաբերվում այն փաստին, որ քինն աշխատում է այն ժամանակ, երբ մյուսները հանգստանում են։ «Դժվար է լինում հունվարի 1-ին, երբ մարդկանց բերում են ալկոհոլային թունավորմամբ կամ ստամոքսի խանգարումով, ոմանք մահանում են ՃՏՊ-ի հետևանքով։ Բայց ես արդեն վարժվել եմ, երեխաներս ու ամուսինս` նույնպես»,- նշում է Նատալյան, ով արդեն երկու թոռ ունի։
Գավառի բժշկական կենտրոնի մանկաբարձ Ռիտա Դանիելյանի համար Նոր տարին կրկնակի տոն է։
Բազմաթիվ անգամներ Ամանորի գիշերը նրա աչքի առաջ երեխաներ են ծնվել` Հայաստանի նոր քաղաքացիներ։ «Ամանորի գիշերը երեխայի ծնունդը հատուկ զգացողություններ է առաջացնում, որոնք անհնար է բառերով նկարագրել»,- ասում է նա։
Իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների, օդանավակայանների, տաքսի ծառայությունների աշխատակիցներ, բժիշկներ, վաճառողներ և, իհարկե, զինվորներ, որոնք հսկում են մեր հայրենիքի սահմանները… Նոր տարին տոն է նաև նրանց համար, ովքեր աշխատում են այն ժամանակ, երբ մենք մեր ընտանիքների հետ սեղանի շուրջ հավաքված` բաժակներ ենք բարձրացնում և միմյանց բարեմաղթանքներ հղում։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ապահովում են մեր կյանքի հարմարավետությունն ու անվտանգությունը։